Բաժիններ՝

«Ուսուցիչների մեծ մասը, կարծես թե, ազդվեցին իմ խոսքից, սակայն շատերն էլ չեն հանդարտվում նույնիսկ տնօրենի հրաժարականից հետո»

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում մարտի 12-ից մեկնարկած դասադուլն ու գործադուլը, կարծես թե, իր հանգուցալուծումն են ստացել: Դպրոցի նոր տնօրենը՝ Հերմինե Անդրեասյանը, ով հասցրել էր մեկ ու կես օր աշխատել դպրոցում, ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշեց, որ կրթության տեսչական մարմինն ապրիլի 1-ից  ստուգումներ կիրականացնի հաստատությունում:

«Առաջին իսկ օրից նախարարությունը խնդիրն իր ուշադրության կենտրոնում է պահել՝ կապի մեջ լինելով մարզպետարանի  համապատասխան բաժնի հետ: Մենք խնդրին ծանոթ ենք խորքից: Մինչ իմ այցը նախարարության աշխատակիցները երկու անգամ եղել են դպրոցում, հանդիպել ուսուցիչների հետ: Վերջին անգամ ես եմ այցելել նախարարության հանրակրթության վարչության և իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի հետ, հանդիպումներ ենք ունեցել ծնողների, տնօրենի, ուսուցիչների հետ: Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ հանրությանը պատկերը ներկայացնում են միակողմանի»,-ասաց նա:

Առաքելյանը նշեց, որ Ավշարի նորանշանակ տնօրենի սխալը եղել է կադրային քաղաքականությունը: «Եթե փաստերով խոսենք, ապա պետք է արձանագրել, որ տնօրենը հաղթել է հայտարարված մրցույթում, մյուս փաստն այն է, որ խոսակցություն եղել է կադրային փոփոխության հետ կապված, ինչը վատ պրակտիկա է: Ավելի վատն այն է, որ սա արվել է պաշտոնավարման հենց առաջին օրը, բայց փոխտնօրենի հեռացումը եղել է ընդամենը խոսակցություն, համապատասխան հրաման այդպես էլ չի ստորագրել»,-ընդգծեց նա:

Լուսինե Առաքելյանը պատմեց, որ ուսուցիչներն անընդհատ բողոքում էին իրենց իրավունքների խախտումից: «Երբ ես հարցրի, թե որտեղ են խախտվել ձեր իրավունքները, նրանք պատասխանեցին, որ նորանշանակ տնօրենն իրենց հետ կոնտակտի մեջ չի մտնում: Ինձ համար մինչ հիմա հարց է մնացել, թե 500 աշակերտ մեկ օրվա ընթացքում ինչպես է մոբիլիզացվել, այն դեպքում, երբ փոխտնօրենի հարցը լուծված էր արդեն»,-հավելեց նա:

ԿԳ նախարարի տեղակալը փաստեց, որ դպրոցի ուսուցիչների կողմից  գործադուլը ապօրինի է իրականացվել: «Այս բոլոր հանդիպումների ժամանակ մենք հորդորել ենք կողմերին բանակցային սեղանի շուրջ նստել, սակայն փոխադարձ վիրավորանքների ֆոնին դա անհնարին է դարձել»,-նշեց Առաքելյանը:

Նա ընդգծեց ևս մեկ փաստ, որ Ավշարի նորանշանակ տնօրենի պաշտոնավարումից մեկ շաբաթ անց պարզ է դարձել, որ նա հղի է, և որպեսզի անդառնալի հետևանքներ չլինեն ստեղծված մթնոլորտի պատճառով, ինքը հորդորել է ուսուցիչներին հանդարտվել:

«Ուսուցիչների մեծ մասը, կարծես թե, ազդվեցին իմ խոսքից, սակայն շատերն էլ չեն հանդարտվում նույնիսկ տնօրենի հրաժարականից հետո: Եթե ուսուցիչների մոտ կարծիք կա, որ իրենք այս պայքարում հաղթել են, ես ուզում եմ իրենց հիշեցնել մեր խոսակցությունը: Միգուցե և հաղթել են, բայց ինչ-որ մի մարդկային հարցում իրենք, այնուամենայնիվ, պարտություն են կրել»,-ասաց Լուսինե Առաքելյանը:

Մինչ հանրակրթական դպրոցներում արձակուրդ է, Ավշարում  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, եռամսյա ժամկետում խորհուրդը նոր մրցույթ հայտարարի:

Հարցին, թե ինչպես են լրացվելու երեխաների կորցված դասաժամերը, և արդյոք ուսուցիչները կստանան իրենց աշխատավարձը խաթարված դասապրոցեսի պարագայում, նախարարի տեղակալը պատասխանեց, որ նախարարությունը կաջակցի դասերը լրացնելու հարցում, սակայն մնացած հարցերով պետք է զբաղվի գործատուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս