«Երբ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակել՝ ասելով, որ վերջինս անձեռնմխելի է, մինչև այդ ակտի բեկանումը նրա մեղադրանքը պետք է հանվեր». Հովհաննես Խուդոյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։
Դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ 2-րդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց, որ դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին, որի ընթացքում էլ ըստ ամենայնի կհրապարակվի դատարանի վերջնական որոշումը։
«Այն ժամանակ, երբ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակել ու ասել էր, որ վերջինս անձեռնմխելի է, մինչև այդ ակտի բեկանումը պարոն Քոչարյանի մեղադրանքը պետք է հանվեր։ Նա պետք է չենթարկվեր քրեական հետապնդման, սակայն ընթացքում եղել են շատ դատավարական գործողություններ, այդ թվում՝ խափանման նոր միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Բոլոր այդ գործողությունները եղել են ոչ իրավաչափ։ Այսինքն՝ քննիչը չէր կարող այլ որոշում կայացնել, քան նախատեսված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»,- նշեց Հովհաննես Խուդոյանը։
Վերջինիս համոզմամբ՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այդ ժամանակահատվածի համար իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում։ Նա կարծում է, որ դատախազի առարկությունը հետաքրքիր է նրանով, որ ինքն ասում է, թե ներկայում կան դատական ակտեր, որոնք պաշտպանների ասածը հերքում են, բայց դատախազի նույն այդ առարկությունը հաստատում է իրենց բողոքը։
«Եթե հղում են կատարում դատական ակտին, այն ժամանակ կար օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, և իրենք պետք է գործողություն անեին, որ չեն անում։ Այսինքն՝ իրենց մասով մեկնաբանությունն իրենք չեն ընդունում, բայց նույն առարկությունը բերում են պաշտպանների դիրքորոշման դեմ»,- մանրամասնեց Հ. Խուդոյանը։
Նա նշեց, որ Վճռաբեկ դատարանն ասել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել անձեռնմխելիության հիմքը, բայց Վճռաբեկը չի ասել՝ անձեռնմխելիություն կա՞, թե՞ ոչ։ Վճռաբեկ դատարանը տվել է որոշակի չափանիշեր, որով ստորադաս դատական ատյանը պետք է որոշում կայացնի, և արդեն այդ չափանիշերի հիման վրա հետագայում Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել։
«Բայց մենք համաձայն չենք այդ որոշման հետ և բողոքարկել ենք։ Այսինքն՝ ի վերջո, խոսքը Վճռաբեկ դատարանինն է, որը բավականին ուշացվում է։ Վճռաբեկի ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ նրանք Վերաքննիչ դատարանից ստանում են նյութերը, ոչ թե բողոքը ստանալու պահից։ Մենք չգիտենք՝ երբ են իրենք այդ նյութերը ստացել, մենք բողոքը ներկայացրել ենք դեկտեմբերի 25-ին։ Վերջերս գրությամբ մենք խնդրել ենք պարզաբանել, թե այդ նյութերը երբ են ստացվել։ Ենթադրում եմ, որ առավելագույն ժամկետը պետք է լինի ապրիլի առաջին շաբաթը»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամը։