Բաժիններ՝

Մեյը խոստացել է հրաժարական տալ խորհրդարանի կողմից Բրյուսելի հետ իր գործարքին հավանություն տրվելու դեպքում. iTV

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության շարքերում Brexit-ի կողմնակիցներին խոստացել է, որ հրաժարական կտա ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ իր կնքած համաձայնագրին Համայնքների պալատի կողմից հավանություն տրվելու դեպքում: Այդ մասին հայտնել է iTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով, իր պնդմամբ, հավաստի աղբյուրներ, որոնք տեղեկատվություն ունեն մերձքաղաքային Չեքերս վարչապետական նստավայրում իր կաբինետի անդամների եւ ազդեցիկ պահպանողական-եվրասկեպտիկների հետ կառավարության ղեկավարի մարտի 24-ի հանդիպման բովանդակության վերաբերյալ:

Բրիտանացի հեռուստահաղորդավար Ռոբերտ Փեսթոնը հայտնել է, թե տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Մեյը գործարքին հավանություն տրվելու դեպքում պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին իրազեկել է թորիների խորհրդարանական խմբակցությունում եվրասկեպտիկների ճամբարի առաջատար ներկայացուցիչներին, այդ թվում՝ արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, իշխող կուսակցության նախկին ղեկավար Յան Դանկան Սմիթին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դեւիդ Դեւիսին, հայտնի խորհրդարանական Ջեյկոբ Ռիս-Մոգին եւ հանդիպմանը ներկա գտնված այլ քաղաքական գործիչների:

Սակայն, Փեսթոնի կարծիքով, Ռիս-Մոգի հետեւորդների, որոնք միավորված են այսպես կոչված European Research Group-ում (ERG) եւ թորիների դաշնակից Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության տասը պատգամավորների կողմից համաձայնագրին հնարավոր աջակցությունը, միեւնույն է, վարչապետին չի ապահովի խորհրդարանում գործարքի անցնելու համար բավարար աջակցությամբ, քանի որ Brexit-ի հարցերով նախկին փոխնախարար Սթիվ Բեյքերը եւ թորիներից այլ պատգամավորներ ամեն դեպքում դեմ են կնքված համաձայնագրին:

Միեւնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը մարտի 25-ին լրագրողներին հայտարարել է, որ Մեյը չպետք է թողնի վարչապետի պաշտոնը: Ռադն ասել է, թե այն կարծիքին է, որ վարչապետն ամեն ինչ «ճիշտ է անում, մտածում է ազգային շահերի մասին եւ փորձում է վերջ դնել» Brexit-ի շուրջ ստեղծված քաոսին իր գործարքը խորհրդարանում անցկացնելու ճանապարհով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս