Մտածված սցենար. Գրավատների տուրքը կբարձրանա, բայց ոչ 60 անգամ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անցնող շաբաթվա ամենաքննարկված եւ շահարկված թեման կապված է փոխանակման կետերի եւ գրավատների կողմից տրվող պետտուրքի ավելացման հետ:
Նախատեսվում է պետտուրքը բարձրացնել 60 անգամ՝ 50 հազարից դարձնել 6 մլն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բարձրացում լինելու է, բայց ոչ այդ աստիճանի. սա բավական տարածված քայլ է, երբ ընտրություն է կատարվում վատի եւ վատագույնի միջեւ: Այսինքն, ի սկզբանե ներկայացվում է վատագույն սցենար, հետո գնում են զիջումների, արդյունքում բարձրացում լինում է, սակայն նվազում է դժգոհությունը:
Պատահական չէ, որ հարցի վերաբերյալ դժգոհություններ են հայտնվել նաեւ իշխանական պատգամավորների կողմից: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանության մեջ դժվար է պատկերացնել «մոնոլիտությունից» որեւէ շեղում:
Ի դեպ, սա հնարավորություն է տալիս, բացի վերը նշվածից, լուծել եւս երկու խնդիր. ցույց տալ, որ նախ՝ օրենսդիրը կարողանում է ճնշում եւ վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ, եւ երկրորդ՝ իշխանական թիմում առողջ դեմոկրատիա կա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: