«ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակների վրա Մարալիկում տեղի ունեցած հարձակումից 6 ամիս անց այդ գործով քրեական գործ կհարուցվի
2018թ. հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մի խումբ երիտասարդներ հարձակվել են սոցիալական ցանցերում հեռարձակվող «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել հենց ուղիղ եթերում, երբ Ն. Մալյանը և Ա. Դանիելյանը խոսել են մարալիկցիների հետ։
Միջադեպին միջամտել է Անիի ոստիկանապետը, որը հաղորդման հեղինակներին հանել է շրջափակումից և տարել ոստիկանական բաժանմունք։ Նարեկ Մալյանի խոսքով՝ միջադեպին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Հետագայում սակայն Ոստիկանությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել նշված դեպքով։
Քիչ առաջ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ «դատարանը որոշեց, որ Մարալիկի հարձակումով գործ է հարուցվելու… 6 ամիս անց, բայց հարուցվելու է…»:
168.am-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանից։
Վերջինս տեղեկացրեց, որ դատարանն անօրինական է ճանաչել քրեական գործի հարուցման մերժումը, և որպես սրա հետևանք՝ պետք է լինի քրեական գործի արար։
«Մեր բողոքում մենք պնդել ենք, որ պետք է գործ հարուցվի խուլիգանության հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է մինչև 5 տարի պատիժ ու ավտոմատ համաներման տակ չի ընկնում, և լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով, որը զուգորդվել է բռնությամբ և գույք ոչնչացնելով։ Այս պահին չեմ կարող ասել, թե որ հոդվածներով գործ կհարուցեն։ Ամեն դեպքում հարուցումը պետք է տեղի ունենա և այնպես, որ համաներման ակտը միանգամից այդ պատմությունը չփակի»,- ասաց Տ. Աթանեսյանը։
168.am-ի այն հարցին, թե այս որոշումը ինչի՞ արդյունք կարող են իրենք դիտարկել, փաստաբանն ասաց, որ դա իրենց՝ շուրջ 5-6 ամիս տևած հետևողական աշխատանքի արդյունքն էր, թեպետ Դատախազությունը 10-օրյա ժամկետում իրավունք ունի վերաքննության դիմել, բայց թե կօգտվե՞ն իրենց այդ իրավունքից, թե՞ ոչ, չեն կարող ասել։
Տիգրան Աթանեսյանը հավելեց նաև, որ այս գործով նյութերը նախապատրաստվել են Ոստիկանության Մարալիկի բաժնում բաժնի հետաքննիչի կողմից, ով, ի դեպ, և մերժել էր հարուցումը, և թեպետ դա դատարանի իրավասության մեջ չի մտնում, բայց ինքը խնդրել է, որ այս գործը տեղափոխվի հանրապետական մարմին, որովհետև ակնհայտ է, որ Շիրակի մարզի դատախազությունն ունի հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, որը դատարանում հայտնել են, պնդել, երբ ժամանակին մերժել են տուժող կողմի բերած բողոքը, և ակնհայտ է, որ նրանք չեն կարող իրականացնել պատշաճ վերահսկողություն, ուստի ճիշտ կլինի, որ այս գործը քննի հանրապետական նշանակության քննչական մարմին։