Բաժիններ՝

Տնտեսվարողները մտադիր են այսօր շրջափակել ՀՀ կառավարության շենքը

Այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ցույցը կլինի. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ ընդվզող տնտեսվարողները պատրաստվում են շրջափակել կառավարության շենքը:

Այսօր ժամը 10-ին կայանալիք հավաքի պահանջը լինելու է բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ասում են այնքան ժամանակ կխմբվեն շենքի դիմաց, մինչև գործադիրի ղեկավարը պատասխանատվություն կզգա իր քաղաքական ուժի՝ ընտրազանգվածի  նկատմամբ:

Ի դեպ, նրանք պատրաստվում են մերժել ցանկացած այլ իշխանավորի հետ հանդիպման առաջարկը, եթե նույնիսկ նա լինի օրենքի նախագծի հեղինակ ԿԲ-ի կողմից:

Գրավատների ու տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվողներին բորբոքել է  Նիկոլ Փաշինյանի անտարբերությունը  ավելի քան 360 տնտեսվարողների բարձրացրած բողոքի նկատմամբ:

Իսկ վարչապետ Փաշինյանի անտարբեր լինելն, իրենց խոսքով, դրսևորվել է երեկ՝ լրատվամիջոցների հետ հրավիրած ասուլիսում, երբ տնտեսական հեղափոխություն խոստացող վարչապետը հարկ չի համարել անդրադառնալ մի քանի հարյուր ձեռնարկատիրոջ առաջ ԿԲ-ի դրած «չոր պայմանին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությունն այս ամենին բողոքի դուրս եկող անձինք արձանագրել են նաև երեկվա Կառավարությունից ստացած զանգի ժամանակ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը երեկ  զանգահարել էր կառավարության առաջարկած փոփոխությունները մերժող տնտեսվարողներին և հայտնել, որ Կառավարությունում ավարտվել են տնտեսվարողների խնդիրների շուրջ խոստացված քննարկումները, իսկ պատասխանը հիասթափեցնող է, քանի որ  բանկերի շահերն ամրապնդող Կենտրանական բանկի (ԿԲ) ներկայացուցիչը միանգամից մերժել է քննարկել տնտեսվարողների կողմից ներկայացված առաջարկությունները և դեմոստրատիվ կերպով պնդել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ առաջարկող նոր օրենսդրական նախագիծը քննարկման ենթակա չէ:

Ի դեպ, տնտեսվարողները ապշած են նաև իրենց խորհրդարանական ընդիմություն հռչակած Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժի վերաբերմունքից:

Ասում են՝ իրենց համար հասկանալի չէ նաև «Բարգավաճ Հայաստանի» զգուշավոր լռությունը, մինչդեռ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն վերջին շրջանում  իր ելույթների 30  րոպեն ավանդաբար նվիրում է ՓՄՁ-ների շահերից խոսելուն ու «դրանով թրենդի մեջ է պահում իրեն»:

Տնտեսվարողները հիշում են, թե ինչպես էին ժամանակին՝ ՓՄՁ-ների շրջանառության հարկի շեմը փոփոխելու նախկին իշխանության քայլերի դեմ ակտիվանում ԲՀԿ-ական պատգամավորները, ամեն անգամ վազում-միանում էին կառավարության շենքի մոտ բողոքի դուրս եկած ձեռնարկատերերին, և աջ ու ձախ հարցազրույցներ տալով փորձում եին սեփականաշնորհել ՓՄՁ-ների ինքնուրույն վաստակած հաջողությունը:

«Այսօր Միքայել Մելքումյանը բավարարվել է մեկ հարցազրույցով, նույնը Մարուքյանի դեպքում ենք հիշում, իբր սպասում են նախագիծը մտնի ԱԺ, նոր հակազդեն իրենց ակտիվ քննարկումներով: Բայց իշխող ուժն արդեն իսկ ցույց է տալիս իր վերաբերմունքը, իսկ մենք չգիտենք, թե ում վստահենք»,- օրենդիրի անտարբերությունից վիրավորված 168.am-ի հետ զրույցում նշում են այսօր բողոքի ցույցի դուրս եկող տնտեսվարողները:

Հիշեցնենք, խնդրո առարկան մարտի 7-ին կառավարության նիստի ժամանակ առաջարկված նոր օրինագիծն է, համաձայն որի՝ իշխանությունն առաջարկում է  կտրուկ բարձրացնել պետտուրքը գրավատների ու փոխանակկան կետերի համար:

Տնտեսվարողները պնդում են, որ այս տարբերակված մոտեցումով բացահայտ պաշտպանում են բանկերի ու խոշոր վարկային ընկերությունների շահերը՝ առաջարկելով  նրանց հարկերը ընդամենը երկու-երեք անգամ բարձրացնել:

Ըստ այդմ՝ վերանայված «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունն հաստատելու դեպքում արտարժույթի փոխանակման կետերի համար այսօրվա տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը կդառնա 3 միլիոն դրամ, գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամ պետտուրքը՝ 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպությունների պարագայում գործող 3 մլն դրամի փոխարեն կգանձվի 7 մլն դրամ պետտուրք: 

 Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս