Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Մեզ համար կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է ընդունելի Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ Արցախը պետք է դրվի Ռուսաստանի Դաշնության մանդատի ներքո:

«Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ինչ-որ մի պետության մանդատի տակ դնել: Կարծում եմ՝ նմանատիպ խոսակցությունները կարող են տանել նրան, որ մարդիկ ուղղակի կհուսալքվեն: Այսինքն մենք չենք կարող ուրիշ պետությանը խնդրել, որ այդ հարցով զբաղվի: Դա աբսուրդ է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նշել էինք, պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, և մենք գտնում ենք, որ Արցախի կողմի վերադարձը բանակցության սեղանի շուրջ շատ կարևոր պայման է, հետևաբար պետք է պայքարել դրա համար:

Կարդացեք նաև

Կարծում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նաև հանրաքվեով Արցախում արդեն ամրագրված է, հետևաբար դրանից հետո խոսել Արցախը որևէ պետության մանդատի տակ դնելու հարցի շուրջ, մեզ համար կտրականապես անընդունելի է»,- մասնավորապես նշել է Է. Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս