«Ձեր վարչապետին ասեք, որ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով ընդհանրապես չեն ուտվելու». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուրբաթ Եվրոպական միությունը հրապարակեց Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը, որը հասկանալի պատճառներով, պետք է ուշադրության արժանանար նաեւ Հայաստանում։
Վստահ եմ, որ ներկայիս կառավարությունն եւ Ազգային Ժողովի մեծամասնությունն այն չի կարդացել։
Ճիշտ էլ արել են։ Մեր նորելուկ իշխանավորները զբաղված են առավել կարեւոր հարցերով, օրինակ, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են յոնջան եւ գառների աղեստամոքսային համակարգը։
Վերլուծելով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների տարեկան զեկույցը՝ շատ հակիրճ արձանագրեմ.
1. Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի նախապատրաստումը մտնում է եզրափակիչ փուլ։ Մեկդ Փաշինյանին ասեք, որ ուշադիր լինի այդ տեքստում Ղարաբաղյան հակամարտության մասին ձեւակերպումների նկատմամբ, որպեսզի դրանք չհակասեն Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրին։
2. ԵՄ-ն, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախմնդիրներին։ Ձեր վարչապետին ասեք, որ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով ընդհանրապես չեն ուտվելու։
3. Ղարաբաղյան կարգավորման մասին ԵՄ-ն վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը Մինսկի խմբին։ Ոչ մի շեշտադրում տարածքային ամբողջականության վրա ՉԿԱ։
4. ԵՄ-ն շարունակական հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի գազային կարողությունների նկատմամբ Հարավային գազային միջանցքի շրջանակներում։ Եվրոպացիները ակնկալում են, որ այս տարի Շահ Դենիզ 2-ի շահագործումից կավելանան ադրբեջանական գազի արտահանման ծավալները, որոնք պետք է հասնեն ԵՄ 2020 թվականից։ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվել են 2.6 տրիլիոն խ.մ.։ Կառավարությանն ասեք, որ շատ ուշադիր լինի հատկապես Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ հարաբերություններում»: