Դավիթ Տոնոյան VS կառավարություն

Նոր իշխանությունների կողմից Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վաճառքի մասին լուրը լուրջ աղմուկ է բարձրացրել։ Պարզվում է՝ նոր իշխանությունների մեջ այս խնդրի շուրջ «կռիվ» է ընկել։ Իշխանական մի թևն ամեն կերպ փորձում է վարժարանի ողջ շենքը և գույքը օտարել, և արդեն պոտենցիալ գնորդի են տարել տարածքը ցույց տալու։ Վարժարանի վաճառքի հետ կապված թեմայով սրվել են ՀՀ Պաշտպանության նախարար (ՊՆ) Դավիթ Տոնոյանի  հարաբերությունները կառավարության աշխատակազմի հետ։

ՊՆ-ն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի պահպանի բանակի կադրային դարբնոց համարվող վարժարանին  ժամանակին տրամադրված այսօրվա շենքը, սակայն, պարզվում է, իշխանությունների ներսում կա մի «թև», որն ուժեղ լոբբիստական գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ, և դրան սատարում է  Պետական  գույքի կառավարման կոմիտեի  նախագահ Նարեկ Բաբայանը։ Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։  Հենց Ն. Բաբայանն էլ պոտենցիալ գնորդին կիրակի օրը տարել էր վարժարան՝ «մուշտարու աչքով»  շենքը և տեղանքը զննելու։

Լրագրողների հետ զրույցում նա հաստատել էր, որ վարժարանի համար նոր տարածք են փնտրում, որպեսզի տեղափոխեն և շենքն օտարեն։ Այսինքն՝ իշխանության, մասնավորապես՝ կառավարության մեջ կան անձինք, որոնք շահագրգռված են վարժարանի շենքը և տարածքն արագ ինչ-որ անձանց օտարելու խնդրով, և Ն. Բաբայանն ակտիվորեն իրագործում է այդ մտահղացումը։ ՊՆ-ում կտրականապես դեմ են՝ բանակի համար կարևորագույն այդ կառույցը տեղահանելու հարցում, ավելին՝ դա համարում են հարված բանակին։

Նախարար Դ. Տոնոյանը, ըստ մեր աղբյուրների,  շատ կոշտ զրույց է ունեցել կառավարությունում, բայց այս փուլում որևէ հույս չկա, թե շահագրգիռ կողմը կհրաժարվի այդ գաղափարից։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրում չափազանց կարևոր է բանակի համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստող վարժարանը, և  իշխանությունների՝ նման քայլով նսեմացվում է բանակի դերը։

Այս օրերին Ն. Բաբայանի տված մեկնաբանություններից ակնհայտ էր, որ բանակի համար կադրեր պատրաստող ուսումնական հաստատության համար այս իշխանությունները «շատ են համարում» նման լավ պայմաններով տարածք զբաղեցնելու փաստը։

Տեսանյութեր

Լրահոս