Ինչո՞ւ են Նախագահի աշխատակազմում լռում «իրավունքի մուսաները», կամ՝ ի պատասխան Նախագահի աշխատակազմի պատասխանի
Սույն թվականի մարտի 5-ի՝ «Հանրապետության նախագահը պարբերաբար խախտում է Սահմանադրությունը» վերնագրով հոդվածում մանրակրկիտ իրավական վերլուծության միջոցով անդրադարձել ենք Հանրապետության նախագահի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրմանն առնչվող վարքագծին՝ փորձելով մեր շեշտադրումների միջոցով Հանրապետության նախագահին և նրան ուղղորդող իշխանական ուժերին զերծ պահել սահմանադրական կարգը խարխլելուց, դրա հնարավոր ծանր հետևանքներից, ինչը նրանց բնորոշ թեթևամտությամբ դեռևս գուցե չի գիտակցվում, ինչպես նաև ապագա պատասխանատվությունից, ընդհուպ՝ քրեական:
Որպես կանոն, լրատվամիջոցներում հրապարակումները չի կարելի գնահատել որպես «փրկօղակ», բայց տվյալ դեպքում դա այդպիսի մի փորձ էր մեր կողմից, քանի որ ներկայացվել էր լուրջ իրավական վերլուծություն-նախազգուշացում, սակայն շուտով պարզ դարձավ, որ հնարավոր չէ փրկօղակ նետել մեկին, ով ցանկանում է խորտակվել: Բացի այդ, պարզ դարձավ, որ Նախագահի աշխատակազմը՝ իրավական ապահովման մասով, աննախադեպ հետընթաց է ապրել՝ կորցնելով ադեկվատությունը: Ինչպե՞ս կարելի է այլ կերպ որակել Նախագահի աշխատակազմի՝ մեր հրապարակմանը հաջորդած պատասխանը, որը իրավագիտության հետ որևէ աղերս չունի:
Կա՛մ Նախագահը և նրա աշխատակազմը որդեգրել են քամահրական վերաբերմունք լուրջ իրավական հարցերի վերաբերյալ, կա՛մ քաղաքական պատվեր կատարելու նպատակով ստորագրում են սեփական անճարության տակ, կա՛մ պարզապես հեռու են իրավական տառաճանաչությունից, իսկ վերջին դեպքում Նախագահը մեծ խնդիրների առջև է կանգնած, որովհետև նման իրավագիտակցությամբ և նման որակների կրող հանդիսացող աշխատակազմով ունակ չի լինելու ապահովել Սահմանադրության պահպանմանը հետևելու իր կարևորագույն գործառույթը: Կարծում եք՝ ուռճացնո՞ւմ ենք կամ դիմում լրագրողական այլ հնարքների: Խնդրեմ՝ դատեք ինքներդ:
Նախագահի աշխատակազմի՝ վերջինիս անունից տարածված հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման համաձայն՝ «…Հանրապետության նախագահի լիազորությունն է Ազգային ժողովի ընտրությանը առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Վերոնշյալ լիազորություն իրականացնելու համար ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ ստեղծելու կամ դրա վերաբերյալ համապատասխան կարգադրություն ընդունելու մասով որևէ սահմանափակում առկա չէ… Ցանկանում ենք հաստատել, որ Հանրապետության նախագահն իր վերոնշյալ սահմանադրական լիազորությունն իրականացնում է դրա սահմանադրական նպատակներին և Սահմանադրության պահանջներին համապատասխան…» (կրճատումները և ընդգծումները՝ «168 Ժամի»):
Նախ՝ զավեշտ է և իսկական անեկդոտ, որ աշխատակազմը, այն էլ՝ նրա մի վարչություն, որը կոչված է սպասարկել Նախագահին, հաստատում է, որ նա իր լիազորություններն իրականացնում է Սահմանադրությանը համապատասխան:
Բացի այդ՝ աշխատակազմի պատասխանատուների մոտ լիարժեք քաոս է, եթե, իհարկե, առկա չէ քաղաքական պատվեր, քանի որ նրանք քաղաքացիների համար սահմանված ՝ «ինչն արգելված չէ, թույլատրված է» սկզբունքը շփոթում են պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար իբրև թե գործող սկզբունքի հետ: Ստացվում է, որ եթե Սահմանադրությունը կամ օրենքը չեն արգելում, ուրեմն պետական մարմինն ու պաշտոնյան ազատ են անելու այն, ինչ ուզում են: Այս մոտեցման մասին «Սահմանադրության պահպանմանը» հետևող մարմնի աշխատակազմից լսելը շատ վտանգավոր է մեր ամբողջ պետության համար, քանի որ կոպտորեն անտեսվում է օրինականության տարրական սկզբունքը, որը նույնիսկ առաջին կուրսի, և ոչ միայն՝ իրավաբանական ֆակուլտետների, ուսանողներին հայտնի՝ իրավական պետությունում այբբենական ճշմարտություն է. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մաս):
Իսկ թե ինչո՞ւ նման լիազորություն Նախագահը չունի, արդեն նշվել է այդ հրապարակման մեջ: Մասնավորապես, արդեն նշվել է, և սրան որևէ հակափաստարկ Նախագահի աշխատակազմը չի ներկայացրել, որ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, որոնց թվին չի դասվում խորհրդակցական մարմիններ ձևավորելու լիազորությունը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը Սահմանադրական դատարանի կազմավորման գործընթացի անբաժանելի մասն է, որը, Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ անգամ սովորական, ոչ սահմանադրական օրենքով, էլ չենք խոսում օրենքից ցածր իրավական ակտի, ինչպիսին Նախագահի կարգադրությունն է, ՍԴ դատավորի առաջադրման որևէ մանրամասնություն չի կարող սահմանվել:
Բացի այդ, Սահմանադրության մեկ այլ դրույթ՝ 166-րդ հոդվածի 9-րդ մասը, ամրագրում է, որ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով: Այսինքն, այս մասով իրավական պահանջներն այնքան հստակ են, որ պարզից էլ պարզ է, որ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ Սահմանադրական դատարանի մասին օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման մրցութային, կիսամրցութային կամ որևէ այլ՝ Հանրապետության նախագահի կարգադրությանը համապատասխանող կարգ սահմանված չէ:
Նման կարգ սահմանելով, որը մանրամասնում է ՍԴ դատավորի առաջադրման՝ Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքով արդեն իսկ սահմանված կարգը, Նախագահը կոպտորեն խախտում է Սահմանադրությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումն իր իսկ համապատասխան դիմումի վերաբերյալ: Ավելին՝ եթե Նախագահի աշխատակազմի պատասխանը՝ օրինականության սկզբունքի մասով, արմատավորվի մեր իրավակարգում, ապա դա սահմանադրական կարգի տապալման վառ օրինակ կարող է դառնալ, այսինքն, դրանով կխախտվի նաև Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, երբ գործող Սահմանադրության՝ սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված հիմնարար՝ օրինականության սկզբունքի գործողությունը փաստացի դադարեցվի [1]:
Այժմ անդրադառնանք, այսպես կոչված, մրցույթին առնչվող որոշ մանրամասների: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ Նախագահի ձևավորած խմբում, թեև Ազգային ժողովը նման լիազորություն չունի, ներառվելու է կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, այսինքն, այդ «մրցույթը» լրիվ քաղաքականացվելու է: Ավելին՝ իբրև թե օբյեկտիվության համար խմբում ներգրավված բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Սլավոնական համալսարանը, գործուղել է անգամ ոչ թե դասախոսի, այլ ասպիրանտի, որը պետք է գնահատի դատական իշխանության բարձրագույն մարմնի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի որակները և «կարծիք հայտնի» Հանրապետության նախագահին: Բնավ չնսեմացնելով ասպիրանտների ընդհանուր և տվյալ ասպիրանտի որակները, սակայն ապշել կարելի է՝ երկրի Նախագահն իր առանցքային լիազորությունն իրականացնելու հարցում հույսը դրել է ասպիրանտների վրա։ Ոչ թե՝ իր կամ իր աշխատակազմի, այլ՝ գործուղված ասպիրանտի։ Ի դեպ՝ այս ընթացքում Նախագահը արտասահմանյան բազմաթիվ շրջագայություններից զատ (որոնք էլ, իրենց հերթին, հաճախ շատ քիչ են տեղավորվում իր լիազորությունների շրջանակում), ընդամենը երկու անգամ է ոչ մեխանիկորեն իրականացրել իր լիազորությունները՝ դիմելով Սահմանադրական դատարան: Մեկ անգամ դիմել է հատկապես հենց Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածուի առաջադրման ժամկետի հարցով, որով ՍԴ-ն իր որոշմամբ մինչև սույն թվականի ապրիլի 1-ն ուժի մեջ է թողել Նախագահի կողմից վիճարկված 10-օրյա ժամկետը, որը կոպիտ կերպով կրկին խախտվել է Նախագահի կողմից, մեկ այլ դեպքում խոսքը «սևերի» հեղինակած ԱԺ կանոնակարգի փոփոխությունների մասին օրենքի մասին էր, որը Նախագահը վարչապետի հորդորով չստորագրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան: Այսինքն, մոտ մեկ տարվա «գործունեության չոր մնացորդն» ընդամենը այս երկու դիմումներն են: Ավելին, կարևորագույն հարցերի շուրջ Նախագահը խուսափում է որևէ տեսակետ կամ դիրքորոշում արտահայտել։ Արժե՞ դրա համար նախագահ կամ նրա աշխատակազմ պահել հարկատուների հաշվին. հարցը հռետորական է :
Կարծում ենք, որ Նախագահի «յուրահատուկ» քամահրական վերաբերմունքը Սահմանադրության և օրենքների, նաև քրեական օրենքի հանդեպ պայմանավորված է ոչ միայն տվյալ պահին իշխող ուժին անմնացորդ հնազանդություն ցուցադրելու մղումով։ Նոր իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մինչ վարչապետ ընտրվելը, ինչպես հիշում եք, երկար ժամանակ թմբկահարվում էր Նախագահի ոչ լեգիտիմության մասին թեման: Փաշինյան-Սարգսյան հանդիպումից հետո այդ թեման պայմանավորված լռության մատնվեց հեղափոխական իշխանությունների կողմից։ Միգուցե անհանգստություն կա, որ հակառակվելու դեպքում հեղափոխական իշխանությունների կողմից կրկի՞ն շրջանառության մեջ կդրվեն այդ խոսակցությունները։ Ավելին՝ նույնիսկ ՍԴ դատավորի նախորդ ընտրության ժամանակ իր իսկ ներկայացրած թեկնածուն՝ վարչապետի հովանավորյալ փաստաբան Վահե Գրիգորյանը, որը նախկինում պնդում էր Նախագահի ոչ լեգիտիմության մասին, շարունակում էր դա պնդել հենց պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակ: Եթե դա այդպես է, ուրեմն մեկ ոչ լեգիտիմ պետական մարմին Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքի բազմակի և կոպիտ խախտումների միջոցով վարչապետի հովանավորյալին առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում՝ ՍԴ-ում առաջացնելով ճգնաժամ՝ կապված այդ դատավորի լեգիտիմության հետ և դրանով վտանգելով ՍԴ որոշումների լեգիտիմությունը: Գուցե դա է գործող իշխանությունների իրական նպատակը՝ ստեղծել լեգիտիմության խնդիր դատական իշխանության՝ դեռևս վարչապետին չհպատակված վերջին բաստիոնի, բացի այդ՝ սեփական անլրջության և թեթևամտության «խարանը» փոխանցել նաև Սահմանադրական դատարանին:
[1] Համաձայն «Սահմանադրական կարգը տապալելը» վերնագիրը կրող՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն է, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ և պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Այսինքն՝ եթե Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված օրինականության սկզբունքը պետական մարմինները սկսեն ընկալել Նախագահի աշխատակազմի տրամաբանության ներքո, որ պետական մարմինները կարող են անել այն, ինչն արգելված չէ, ապա սահմանադրական այդ նորմի գործողությունն իրավակարգում փաստացի կդադարեցվի, և մեկ օր կրկին ունենալու ենք առնվազն մի քանի այլ մեղադրյալներ, որին մեղադրելու են սահմանադրական կարգի տապալման մեջ: Դրանց թվում կարող է լինել և Հանրապետության ներկայիս նախագահը, եթե ապացուցվի, որ նա գործել է իր աշխատակազմի պարզաբանման մոտեցումների համաձայն:
ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ