«Մինսկի խմբի հայտարարությունը մեսիջ էր, որ Փաշինյանը հետ կանգնի իր առաջարկից, իսկ Ադրբեջանը դադարի սպառնալ». Քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության բովանդակության հետ կապված՝ կարծիքները ծայրահեղ են. մի մասը մտահոգված է, մյուս մասը՝ ոչ։

Ըստ քաղաքագետի՝ այս երկու ծայրահեղ կարծիքներն էլ օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը։

«Խնդիրն այն է, որ այս բանակցային գործընթացում դե ֆակտո այն գործողությունները, որոնք ընթացան Հայաստանում ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո, Մինսկի խմբի համանախագահները հասկացան, որ կա վտանգ, որ այդ գործընթացը կարող է կանգ առնել։ Քանի որ հունվարին Եվրոպայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ըստ էության ինքը պետք է խոսի միայն բանակցային գործընթացի ձևաչափի հետ կապված։ Այս ամենին բավականին կոշտ պատասխանեց Ադրբեջանը։ Համանախագահները գիտակցեցին, եթե գործընթացներն այդպես շարունակվեն՝ կարող է բանակցությունները կանգ առնեն։ Որից հետո որոշեցին, որ պետք է հանդես գան հայտարարությամբ, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարարության բովանդակությանը։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ այս հայտարարության բովանդակությունն այն էր, որ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունը չի ողջունվում համանախագահների կողմից, այսինքն՝ այն մեսիջ էր պաշտոնական Երևանին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ կանգնի իր առաջարկից՝  բանակցությունների ձևաչափի փոփոխության հետ կապված։ Մյուս կողմից էլ՝ համանախագահները կոչ արեցին Ադրբեջանին, որպեսզի նա դադարեցնի սպառնալ ռազմական գործողություններով։

«Կարծում եմ՝ այստեղ որևէ արտառոց բան չկա այն իմաստով, որ ինքս չէի հավատում, որ հնարավոր կլիներ իրականացնել բանակցությունների ձևաչափի փոփոխություն, քանի որ երկար տարիներ է, ինչ նույն ձևաչափով են ընթացել բանակցությունները։ Հիշում ենք, որ մեծ հաշվով Ադրբեջանը դժգոհ էր այս բանակցային գործընթացից, քանի որ  մինչև 1997 թվականն այդ երկիրը գտնվում էր լավ վիճակում, և միջազգային հանրությունն Արցախը չէր դիտարկում Ադրբեջանի կազմից դուրս»,- շեշտեց քաղաքագետը։

Նա նաև նշեց, որ չի կիսում այն կարծիքները, թե Մինսկի խմբի հայտարարությունը մեծամասամբ ուղղված է Հայաստանի դեմ՝ նման բան չկա։
«Փաշինյանը պետք է գիտակցի, որ, եթե ստանձնել է երկրի ղեկավարի դերը, պետք է կարողանա վարել նաև այս բանակցությունները»,- շեշտեց քաղաքագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս