«Մինսկի խումբը հասկանում է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, բայց, ըստ ամենայնի, Ադրբեջանը խոչընդոտելու է դրան». Դավիթ Բաբայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Համանախագահներն ընդգծում են այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ, և շարունակում են դրականորեն գնահատել վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանն ու քաջալերելու կողմերին ինտենսիվացնել նման ջանքերը: Միևնույն ժամանակ՝ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:
Այդ հայտարարարությունից անմիջապես հետո քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով այս հայտարարությանը՝ գրել է, որ Մինսկի խումբը մերժեց Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու Հայաստանի պահանջը՝ գնահատելով այն՝ որպես նախապայման. «Շատ շուտով պարզ կդառնա, թե կբանակցի՞ արդյոք Փաշինյանը Ալիևի հետ առանց Արցախի, թե՞ ոչ»:
Համանախագահների հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀԿ փոխոսնակ Արմեն Աշոտյանը՝ նկատելով.
«Վտանգ կա, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության և սեփական ուժերը գերագնահատելու հետևանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Մինսկի խմբի հայտարարությանը և դրա հետ կապված մտահոգություններին, նկատեց՝ այն, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ պարզ է բոլոր ողջամիտ մարդկանց համար։
«Այս մասին մենք բազմիցս խոսել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Պետք է ասեմ, որ նրանք լավ են պատկերացնում և հասկանում, որ դա միակ ճանապարհն է, որպեսզի այս հակամարտությունը կարգավորվի։ Բայց հասկանալի է, որ Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտելու է այդ գործընթացին։
Սակայն, անկախ ամեն ինչից, մենք էլ մեր համառությունը պետք է ցուցաբերենք և այս ճանապարհից շեղվենք, ուշ թե շուտ, մեկ է՝ բանակցությունների լիարժեք ձևաչափը պետք է վերականգնվի։ Քանի դեռ այս ամենը չկա, միակ իրական բանը, որին կարելի է հասնել, և վերջին տարիներին հենց դրան են ուղղված հիմնական ջանքերը, դա խաղաղության և կայունության պահպանությունն է տարածաշրջանում։ Կարծում եմ՝ այլ բան ակնկալել անհնարին է»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ Սանկտ Պետերբուրգի, Ժնևի և Վիեննայի պայմանավորվածությունների հիշատակման բացակայությանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ այս պայմանավորվածությունները ձեռք են բերվել, և որևէ մեկը դրանցից չի հրաժարվել` ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ պաշտոնական Բաքուն։
«Հասկանալի է, որ Բաքվի համար այս պայմանավորվածությունները ձեռնտու չեն, բայց այն ժամանակ եղել է այլ իրավիճակ, ճնշումներ, քանի որ պատերազմը նոր էր ավարտվել, բայց միևնույն է՝ հենց առաջին քայլը խաղաղության և կայունության պահպանումն է և զինադադարի ռեժիմի պահպանումն ու խախտումների վերաբերյալ վերահսկողության հաստատումը։
Տեխնիկական առումով սա կարևորագույնն է, ժամանակագրական առումով՝ առաջինը պետք է լինի։ Մենք տեսնում ենք, որ փաստորեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները որոշ կետով փաստորեն կյանքի են կոչվում, սակայն այլ տարբերակով, Փաշինյան-Ալիև հանդիպումների և պայմանավորվածությունների հիման վրա, այսինքն՝ կտրուկ նվազել է զինադադարի ռեժիմի խախտումների քանակը, ինչն իհարկե դրական է։ Դա նաև այդ պայմանավորվածությունների մի ուղղությունն է, մյուս ուղղությունը պետք է լիներ դիտորդական առաքելության ընդլայնումն ու այլ գործողությունները։ Բայց սա ժամանակի խնդիր է, քանի որ հենց սկզբում, երբ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել, մենք այն ողջունել ենք։ Միևնույն ժամանակ ընդգծել ենք, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է դրանք կյանքի չկոչելու համար, քանի որ Ադրբեջանին լավ ենք ճանաչում, սա էլ է կարևոր ուղղություն, որից մենք երբևէ չպետք է հրաժարվենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Զվարթ Խաչատրյան