«Մեր արտաքին քաղաքականությունն իրականացնողները պետք է կարողանան գտնել միջանկյալ տարբերակ՝ ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում մանրամասն անդրադառնալով բանակցային գործընթացին՝ հանդես են եկել մեզ համար մտահոգիչ ձևակերպումներով։

Մասնավորապես, համանախագահների հայտարարության մեջ նշված է. «…Միևնույն ժամանակ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»։

Ակնհայտ է, որ հայտարարության այս հատվածը գրեթե ուղիղ պատասխանն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու մասին հայտարարությանը։

Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ վարչապետի՝ փաստարկված ու հիմնավոր այդ հայտարարությունը դիտարկում են որպես բանակցային գործընթացի շարունակականության նախապայման և անընդունելի համարում այն։

Ստացվում է, որ այս հայտարարությունից հետո կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի իր իսկ հռչակած արդարացի նպատակադրումից, կա՛մ բանակցային գործընթացին մասնակցությունից։

Դիվանագիտությունը, սակայն, ծայրահեղություններ չի սիրում, և մեր արտաքին քաղաքականությունն իրականացնողները պետք է կարողանան գտնել միջանկյալ տարբերակ՝ ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար։ Անթույլատրելի է հրաժարումը ինչպես բանակցային գործընթացից, այնպես էլ Արցախը բանակցային կողմ դարձնելու արդարացի պահանջից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, ի տարբերություն նման ձևաչափի նախկին փաստաթղթերի, նաև բավական մանրամասն ներկայացված են բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները, որոնք ըստ էության Մադրիդյան տարբերակի բաղադրիչներն են։

Ուշագրավ են ոչ այնքան այդ սկզբունքները, որքան համանախագահների հայտարարության մեջ դրանց հիշատակումն ինքնին։ Այս սկզբունքների ներկայացումը որոշակիորեն հակասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ներկայիս իշխանությունը չի կիսում նախկին և ոչ մի իշխանության մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կարծես յուրատեսակ հիշեցում է, որ բանակցություններն այդուհանդերձ ընթանում են նշված սկզբունքների շրջանակում»։

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում մանրամասն անդրադառնալով բանակցային գործընթացին՝…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Samstag, 9. März 2019

Տեսանյութեր

Լրահոս