Բաժիններ՝

Դեռահասների համար ցերեկային քունը և՛ օգտակար է, և՛վնասակար

Սինգապուրի մի խումբ հետազոտողներ պարզել են, որ ցերեկային քունը դեռահասների համար ունի՝ ինչպես առավելություններ, այնպես էլ՝ թերություններ: Նոր հետազոտության հեղինակների կարծիքով՝ մի կողմից՝ «առանձին» քունը բարերար ազդեցություն ունի դեռահասների ճանաչողական ունակությունների վրա, մյուս կողմից՝  նպաստում  է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը:

Փորձագետները 15-19 տարեկան թվով 58 կամավորների խնդրել են երկու գիշերվա  ընթացքում քնել 8 ժամ, որից հետո նրանց բաժանել են երկու խմբի: Հաջորդող հինգ օրերի ընթացքում որոշ դեռահասներ գիշերը քնում էին 6.5 ժամ, և ամբողջ օրը պետք է արթուն մնային, երբ մյուսները պետք է գիշերը քնեին հինգ ժամ, և մեկուկես ժամ՝ օրվա ընթացքում: Դրանից հետո փորձագետները մի քանի թեստեր անցկացրեցին` հասկանալու համար, թե ինչպես է այդ ռեժիմներից յուրաքանչյուրն ազդել մասնակիցների վրա:

Պարզվել է՝  երկրորդ խմբի դեռահասներն ընդհանուր հաշվով քնել էին 6.5 ժամից ավելի քիչ, սակայն նրանք իրենց ավելի առույգ էին զգում, իսկ իրենց հիշողությունը և տեղեկատվության վերամշակման արագությունը ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր գիշերը 6.5 ժամ էին քնել: Այնուամենայնիվ, փորձագետները նշել են, որ կամավորներն ավելի առույգ և կենտրոնացած էին 9 ժամ քնից հետո, և 6.5 ժամը, ինչպես էլ որ բաշխված լիներ, դրա համար բավարար չէր: «Հանգստի ժամից» առաջ 6.5 ժամ շարունակական քնի  միակ և ոչ պակաս կարևոր առավելությունն այն էր, որ ցերեկային քունը հանգեցնում էր արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, որը հետագայում կարող էր շաքարախտի զարգացման պատճառ հանդիսանալ:

Այս հետազոտությունը հրապարակվել է Sleep ամսագրում:

Նախկինում իրականացված մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երկարաժամկետ հեռանկարում ցերեկային քունը կարող է վնասակար լինել՝ ինչպես սրտանոթային համակարգի, այնպես էլ՝ ճանաչողական ունակությունների վրա: Օրինակ, անցյալ տարի Johns Hopkins համալսարանը ներկայացնող ամերիկացի մի խումբ փորձագետներ հայտնաբերել են ցերեկային քնկոտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի միջև կապը: Գիտնականների կարծիքով՝ ցերեկային քունը կարող է ուղեղում բետա-ամիլոիդի բարձր մակարդակի պատճառ կամ ախտանիշ հանդիսանալ: Մինչ այդ Մինեսոտայի Mayo Clinic-ի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ցերեկային քունը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, և որպես հետևանք՝ մի շարք սրտանոթային հիվանդությունների և այլ խնդիրների առաջացման:

Հրապարակման համար mk.ru-ից պատրաստեց Լաուրա Ասատրյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս