Բաժիններ՝

Աշխարհի խորհրդարաններում ավելանում է կին պատգամավորների թիվը

Աշխարհի խորհրդարաններում կին պատգամավորների թիվը թեեւ դանդաղորեն, բայց աճում է, եւ անցյալ տարի 50 երկրում կայացած ընտրությունները հավաստել են այս միտումը: Այդ մասին ասված է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ)՝ Կանանց միջազգային օրվա նախաշեմին Ժնեւում հրապարակված զեկույցում:

«2018 թվականի ընտրությունները կոնսոլիդացրել են խորհրդարաններում կանանց ներկայացուցչության հարցում վերջին տարիների ձեռքբերումներից շատերը,-նշում է կազմակերպությունը:- Խորհրդարաններում կանանց գլոբալ բաժինը շարունակում է աճել, թեկուզեւ դանդաղորեն»:

Միջին հաշվով անցած տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 0,9 տոկոսով: 2017 թվականին խորհրդարաններում կանայք կազմում էին 23,4 տոկոս, իսկ 2018-ին՝ 24,3 տոկոս: Նշենք, որ 2008 թվականին այդ ցուցանիշը 18,3 տոկոս էր: Այն երկրներում, որտեղ իշխանության ներկայացուցչական մարմիններում նախատեսված են գենդերային քվոտաներ, կին պատգամավորների բաժինն ավելի մեծ է՝ համապատասխանաբար 7 տոկոսով՝ միապալատ խորհրդարաններում եւ 17 տոկոսով՝ խորհրդարանների վերին պալատներում:

Ներկայում գենդերային քվոտաներ են գործում 130-ից ավելի խորհրդարաններում: ՄԽՄ-ի նախագահ Գաբրիելա Կուեւասը նշել է, որ խորհրդարաններում կանանց թվի ավելացումը նշանակում է «ժողովրդավարության ներկայացուցչականության ուժեղացում եւ մեծացում»: Օրենսդիր մարմիններում կանանց ներկայացուցչության մակարդակով առաջատարը Լատինական Ամերիկան է (30,6 տոկոս):

Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 28,5 տոկոս, Ասիայում՝ 19,6 տոկոս, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում՝ 18,1 տոկոս: Միջխորհրդարանական միությունը հնագույն (հիմնվել է 1889 թվականին) եւ առավել ազդեցիկ ու հեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկն է: ՄԽՄ-ն միավորում է 178 երկրի խորհրդարան, ինչպես նաեւ 12 միջխորհրդարանական վեհաժողով՝ իբրեւ ասոցիացված անդամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս