Նախանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Քաղցկեղի բուժման արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե երբ է այն հայտնաբերվում: Հիվանդության հայտնաբերումը վաղ շրջանում չափազանց կարևոր է, հետևաբար անհրաժեշտ է ուշադիր լինել առողջության նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագիտական բուժօգնության: Goodhouse.ru-ն ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:
Հազ, որը չի անցնում, և ձայնի խռպոտություն: Դեպքերի մեծամասնությունում հազը կապված չէ քաղցկեղի հետ: Բայց եթե այն ոչ մի կերպ չի անցնում, ուղեկցվում է նաև խռպոտությամբ, կարող է պայմանավորված լինել թոքերի կամ կոկորդի քաղցկեղով: Դիմեք մասնագետի, ով անհրաժեշտության դեպքում հետազոտություններ կնշանակի՝ նորագոյացությունների առկայությունը հերքելու կամ հաստատելու համար:
Փոփոխություններ աղիների աշխատանքում: Եթե տևական ժամանակ է՝ աղիների դատարկման հետ կապված խնդիրներ են առկա, կամ ձեզ հանգիստ չի տալիս փորլուծությունը, հնարավոր է՝ պատճառը նորագոյացությունն է:
Միզապարկի աշխատանքի փոփոխություններ: Արյուն մեզի մեջ՝ ախտանշան, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Սա կարող է պայմանավորված լինել միզասեռական համակարգի վարակներով, ինչպես նաև երիկամների քաղցկեղով:
Մշտական, անբացատրելի ցավ: Ուժեղ, պարբերական ցավը ոչ միշտ է վկայում լուրջ խնդրի մասին, սակայն հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Եթե տևական ժամանակ է՝ մարմնի որևէ հատվածում ցավը ձեզ հանգիստ չի տալիս, նույնիսկ, եթե այն ուժեղ չէ և առօրյա կյանքին չի խանգարում, դիմեք բժշկական օգնության:
Արյունահոսություն: Արյունահոսությունը, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ, բժշկական օգնության դիմելու լուրջ առիթ է: Հնարավոր է՝ սյն պայմանավորված է արգանդի պարանոցի կամ ձվարանների քաղցկեղով: Հաստ աղուց արյունահոսությունը կարող է վկայել աղիների քաղցկեղի մասին:
Քաշի կորուստ: Եթե սննդակարգը ոչ մի փոփոխության չի ենթարկվել, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի ավելացել, քաշի կորուստը պետք է անհանգստության առիթ դառնա: Այս խնդիրը հաճախ վկայում է զարգացող ուռուցքի մասին:
Կլման դժվարություններ: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել կոկորդի, կերակրափողի կամ վահանաձև գեղձի քաղկեղով: Ցանկացած դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը