«Չենք կարող թաքնվել անցյալի փառքի հետևում և Հայաստանն այսպիսի կրթությամբ փորձենք դարձնել առաջատար». Սերոբ Խաչատրյան
Փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Հոգաբարձուների խորհրդի նիստում ելույթով հանդես եկավ Կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ ասելով.
«Մենք բոլորս գիտենք, որ սա Մայր բուհն է, և անվիճելի է, որ առաջատար է, բայց ինչպիսի՞ առաջատար է, երբ համատարած ճահիճ է, և համալսարանական կյանքը մեռած է։ Մենք գիտենք կրթության անասելի ցածր վիճակը։ Հիմա ուսանողները կասեն, թե փայլուն մարդիկ կան: Փայլուն մարդիկ կան՝ նաև առանց համալսարանական կրթության: Արդյո՞ք ԵՊՀ-ն համաքայլ է ընթանում 21-րդ դարի պահանջներին։ Նույնիսկ հայաստանյան իրավիճակում տեսնում ենք, որ համալսարանական կրթության գնահատականը շատ ցածր է, և ապավինել անցյալի փառքին՝ ինձ թվում է, որ ճիշտ ճանապարհ չէ: Մենք չենք կարող հապաղել, չենք կարող թաքնվել անցյալի փառքի հետևում և Հայաստանն այսպիսի կրթությամբ փորձենք դարձնել առաջատար»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանն ու խոսելով համալսարանական կրթության մասին՝ նկատեց.
«Ընդհանրացված գնահատականների հետ ես այնքան էլ համաձայն չեմ, որովհետև, եթե ընդհանրացված խոսենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ լավ չէ, բոլոր հիմնարկներն էլ ճահիճ են, նույնիսկ բարձր ֆինանսավորում ունեցողները: Հայաստանում կան և՛ լավ դասախոսներ, և՛ վատ, շատ լավ սովորող ուսանողներ և վատ սովորողներ: Սակայն պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ լավ չէ: Բայց եթե ինչ-որ իրավիճակ վատ է, լուծումը պետք է գա ծրագրեր, գաղափարներ առաջադրելուց: Համալսարանների հոգաբարձուների խորհուրդը կարող է ռեկտորներին պարտադրել որոշակի ծրագրային փոփոխություններ անել:
Թող դնեն նշաձող, պահանջեն արդյունք: Կատարե՞ց ռեկտորը, հաղթահարե՞ց, թող մնա, չհաղթահարե՞ց՝ անվստահություն թող հայտնեն: Իրականում համալսարանի ղեկավարը հոգաբարձուների խորհուրդն է, հետևաբար՝ եկեք համալսարանների հարցում ԿԳ նախարարությանը մի փոքր անկյուն տանենք: Բոլոր կարևոր որոշումները հոգաբարձուների խորհուրդն է կայացնում՝ բյուջեի, ծրագրի հաստատում, ռեկտորի ընտրություն, աուդիտ: Հոգաբարձուների խորհուրդն է որոշում նաև ռեկտորի աշխատավարձը: Եթե որոշեն, որ ես մեկ միլիոն պետք է ստանա, կարող է ստանալ: Դա էլ նախարարը չի որոշում»:
Անի Կարապետյան