Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն անհիմն է համարում իր հասցեին հնչող մեղադրանքները
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքով՝ հիմնադրամը խորապես մտահոգված է Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններով։
Իրենց մտահոգությունների մասին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը նաև պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այն մեղադրանքները, որոնք հնչում են իրենց հասցեին, անհիմն են և կեղծ։ Այդ ամենի արդյունքում էր, որ մարտի 3-ի գիշերը միջադեպ գրանցվեց ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական խմբի անդամների միջև։
«Մենք դատապարտում ենք անձի նկատմամբ այս և բոլոր տեսակի հարձակումները, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում դիմել ողջամիտ և իրազեկված երկխոսության։ Բայց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի դեմ հնչած մեղադրանքներն ամբողջովին կեղծ են»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Լ.Մինասյանը։
Նա նաև հերքեց այն պնդումները, թե հիմնադրամը նպատակ ունի վնասելու ԵՊՀ-ի հեղինակությանը և վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, նա այս ամենը որակում է՝ որպես անհեթեթություն։
Անդրադառնալով «Ռեստարտ» ուսանողական խմբին դրամաշնորհ տալու նպատակներին՝ Լարիսա Մինասյանը նշեց, որ «Ռեստարտին» տրվել է 20 հազար դոլար, որի հիմքում եղել է մասնակցային և իրազեկված մասնակցություն ապահովել բուհի ուսանողական կյանքում և ուսանողների կողմից բուհի կառավարումը հաշվետու դարձնելու գործընթացը։
««Ռեստարտն» իր ստեղծման օրից զբաղված է եղել հենց դրանով, և վերջերս նաև կազմակերպության ղեկավարը ստացել է բարձր պարգև։ Մեր կողմից նախապայմանը լինում է այն, ինչը գրված է դրամաշնորհային ծրագրում, դրանից դուրս մենք ոչինչ չենք վերահսկում։ Ասել, որ «Ռեստարտն» այս ամենն արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույն է՝ ինչ որ ասենք, թե փաստաբան Հայկ Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է նաև մեր ցուցումով»,- շեշտեց Լարիսա Մինասյանը։
168.am-ի հարցին, թե ի՞նչ նպատակով է Հայկ Ալումյանը դրամաշնորհ ստացել, Լարիսա Մինասյանը պատասխանեց, որ նա ակտիվ դրամաշնորհ ստացող է:
«Հայկ Ալումյանը մասնակցում է իրավական հետազոտության, իրավական քաղաքականության մշակման ծրագրերին»,- նշեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրենը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան