Մանվել Գրիգորյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավորին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են իրենց պաշտպանյալին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել:
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի դիմում են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակի փետրվարի 27-ին ժամը 14:00-ին։
2018թ. դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջանի ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը: Գրիգորյանը կրկին կալանավորվել էր:
Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:
Մանվել Գրիգորյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: