Բաժիններ՝

Կապանի 64-ամյա բնակիչը ընկերոջ հետ կերել-խմել է, ապա՝ սպանել

Կապանի 64- ամյա բնակիչը՝ Կոնստանտին Սարկիսյանը, երկարատև ազատազրկման է դատապարտվել ընկերոջն սպանելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 22-ին։

Վաղեմի ընկերները հանդիպել են պատահական, որի ժամանակ Կոնստանտինը Դավիթին առաջարկել է իրենց տանը ճաշել։ Խանութից օղի գնելու համար նրան 1500 ՀՀ դրամ է տվել, իսկ ինքը գնացել տուն: Մոտ 10 րոպե անց Դավիթը եկել է՝ իր հետ բերելով մեկ շիշ օղի ու վարունգ: Խոհանոցում միասին ճաշել են, օղի խմել: Վատ է զգացել, ինչի պատճառով գնացել է հյուրասենյակ և նստել բազմոցին, իսկ հյուրընկալած ընկերոջն ասել է, որ տնից գնա, քանի որ ցանկանում է հանգստանալ: Վերջինս իրեն հայհոյել է և խոհանոցում դրված մետաղական լինգով` թիկունքից հարվածել է իր գլխին:

Շրջվել է դեպի Դավիթը՝ վերցրել լինգը և դրա ծայրի սուր հատվածով ուժեղ հարվածել Դավիթի գլխին, ինչից նա ընկել է հատակին: Դրանից հետո բռնել է նրան և գլխի մասով հարվածել պատին։ Տեսնելով, որ ուշագնաց է եղել՝ քարշ տալով տարել է լոգարան, նստեցրել լվացարանի տակ և ջուր լցրել դեմքին: Դրանից Դավիթը ուշքի է եկել և փորձել ապտակել իրեն, ինչից հետո տանտերը բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին ու գլխին, ինչից վերջինս ուշաթափվել է և անշարժացել, իսկ ինքը վերադարձել է հյուրասենյակ, նստել բազմոցին և որոշ ժամանակ անց զանգահարել քրոջ աղջկան` Քրիստինեին:

Չի հիշել, թե ինչ է խոսել նրա հետ: Դրանից հետո զանգահարել է Քրիստինեի ամուսնուն և խնդրել, որ գա՝ օգնի իրեն, ով մերժել է: Պատահական տաքսիով գնացել է վերջինիս բնակարան, մուտքի դռան մոտ զրուցել Գագիկի հետ և ասել, որ մարդ է սպանել և խնդրել է իրեն օգնել: Քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, Գագիկն իրեն չի հավատացել: Դրանից հետո պատահական տաքսիով վերադարձել է տուն: Մոտ 10-ից 15 րոպե անց Գագիկը եկել է և լոգարանում տեսել Դավիթին` մահացած վիճակում:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քնչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ և 64- ամյա բնակիչը՝ Կոնստանտին Սարկիսյանին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով։ Առաջադրված մեղադրանքում Կոնստանտին Սարկիսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և օգտվելով իր իրավունքից, հրաժարվել ցուցմունք տալուց` խնդրելով հիմք ընդունել նախաքննությամբ տված ցուցմունքները:

Դատարանը հիմնավորված է համարել և նրան դատապարտել ազատազրկման՝ 9 տարի ժամկետով:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս