Դավոսյան էտյուդներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նա ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: Նրանք մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել` ծանոթանալու Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասներին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Հայաստանում էին, որն առիթ էր բոլորիս համար գնահատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:
Վերջին հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի էր ունեցել Դավոսում, և համանախագահների այցն ուղղված էր այդ հանդիպումն ամփոփելուն, ծանոթանալուն հանդիպման արդյունքներին, և նախանշելուն այն քայլերը, որոնք անելու ենք միասին` շարժվելով դեպի խաղաղ հանգուցալուծում»,- ասել է Մնացականյանը:
Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավոսյան հանդիպումից հետո հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ոչ թե բանակցել են, այլ քննարկել են բանակցային պատմությունը։ Իսկ բանակցային պատմությունը համանախագահները բոլորից լավ գիտեն։
Շատ ավելի հավանական է այն վարկածը, ըստ որի՝ համանախագահներն այցելել են բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթ տեղափոխելու, Մինսկի խմբի չեզոքացմանն ուղղված կողմերի հետագա քայլերը թույլ չտալու համար։