Mars InSight միջմոլորակային կայանը կատարելու է Կարմիր մոլորակի օդերեւութաբանական բյուրոյի դերը
Mars InSight ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանը ձեռնամուխ է եղել Կարմիր մոլորակի վրա եղանակային պայմանների կանոնավոր չափումներին: Նրա կողմից հավաքված տվյալները փետրվարի 19-ին հասանելի են դարձել առաքելության կայքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA)։
«Այդ ծառայությունը ներկայացնում է Մարսի վրա եղանակի վերաբերյալ InSight-ի հավաքած տեղեկատվությունը՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանը, քամու արագությունը եւ մթնոլորտային ճնշումը: Փետրվարի 17-ի եղանակը մոլորակի վրա տիպական է եղել այն վայրի համար, որտեղ գտնվում է մոդուլը՝ ըստ Ցելսիուսի մինուս 17-ից մինչեւ մինուս 95 աստիճան, քամու առավելագույն արագությունը՝ վայրկյանում 17 մետր»,-հայտարարել են NASA-ում:
Տվիչների մի ամբողջ հավաքածուի շնորհիվ, որոնցից երկուսը տեղակայված են անմիջապես մոլորակի մակերեւույթի վրա, կայանը կարող է ավելի ստույգ գրանցել «եղանակային ցուցանիշները» Մարսի վրա, քան ցանկացած սարք, որն ավելի վաղ ուղարկվել է Կարմիր մոլորակ:
«InSight-ը չափումների արդյունքները գրանցում է ամեն վայրկյան եւ ամեն օր դրանք ուղարկում է Երկիր»,-պարզաբանել են NASA-ում: Mars InSight ավտոմատ կայանը, որի ստեղծումը նստել է 828 մլն դոլար, 2018 թվականի մայիսին արձակվել է Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: