«Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով:
Փետրվարի 8-ից հայկական հումանիտար առաքելությունը գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու քայլն արժանացավ հակասական, իրարամերժ գնահատականների՝ ներառելով արտաքին քաղաքական ամենատարբեր շերտեր։
Այդ գնահատականների, հայտարարությունների ու կարծիքների հորձանուտում երկրորդական պլան մղվեցին բուն առաքելության ներկայացուցիչների՝ խմբի 83 անդամների անվտանգությանն առնչվող հարցերը։
Դրան զուգահեռ մենք ունենք նաև սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրները, որոնք առկա էին ինչպես առաքելության ուղարկումից առաջ, այնպես էլ այսօր։
Այս խնդիրներով պայմանավորված՝ ես, որպես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, առաջարկում եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու, մեր առաքելության անդամներին հանդիպելու և տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով։
Առաջարկս պահանջվող ընթացակարգերով կհասցեագրեմ նաև ԱԺ նախագահին և համապատասխան հանձնաժողովներին»։
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ՝ ՍԻՐԻԱ ՄԵԿՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ Փետրվարի 8-ից հայկական հումանիտար առաքելությունը…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Mittwoch, 20. Februar 2019