Դժվար կլինի խուսափել Ղարաբաղյան նոր պատերազմից. բուլղար քաղաքագետ

“Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները լուրջ քայլ դարձան երկրում շարունակվող պետականության կառուցման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման ուղղված աշխատանքների հարցերում”,- Regnum-ին տված հարցազրույցում հայտարարել է բուլղար քաղաքագետ Գեորգի Իվանով-Կոլարովը:

«Ընտրությունների ընթացքն ու արդյունքներն ապացուցեցին, որ նրանք իսկապես ժողովրդավարական էին: Ես հնարավորություն ունեցա զրուցել երկու հիմնական թեկնածուների` Բակո Սահակյանի և Վիտալի Բալասանյանի հետ: Նրանք գրեթե չունեին լուրջ հակասություն երկրի զարգացմանն ուղղված հարցերում, և նրանում, որ պետք է պատրաստ լինել անկախության պաշտպանությանը,– ասել է քաղաքագետը,- Միասնականություն կա նաև այն հարցում, որ երկիրը պետք է պահպանի կապը քաղաքակիրթ աշխարհի հետ, հասնի միջազգային ճանաչման և ես չեմ կասկածում, որ մոտ ապագայում դա կլինի»:

Իվանով-Կոլարովի խոսքով` ինքը տպավորված է արցախահայության հյուրընկալությունից: Նրա փոխանցմամբ` այս օրերի ընթացքում ինքը նկատել է, որ ԼՂՀ ժողովուրդը  ցանկություն ունի ամբողջ աշխարհի մարդկանց հետ շփվելու և համաշխարհային քաղաքակրթությանն ինտեգրվելու: “Հենց Լեռնային Ղարաբաղի տարածքն է սահմանը մեր քրիստոնեական քաղաքակրթությանը և դրա համար էլ աշխարհի բոլոր գիտակից մարդիկ, ում համար թանկ է մեր ընդհանուր եվրոպական քաղաքակրթությունը` այդ բառիս ամենալայն իմաստով, պետք է օգնեն Ղարաբաղին”,- ասել է բուլղար քաղաքագետը:

Ի դեպ, քաղաքագետի հավաստմամբ` դժվար կլինի խուսափել ադրբեջանա-ղարաբաղյան նոր պատերազմից: Ըստ նրա` Ադրբեջանում շատ զենք ու զինամթերք է հավաքվել և դրանք որևէ կերպ պետք է օգտագործվեն “ալիևյան ռեժիմի կողմից` ժողովրդի ուշադրությունն իրենց տարբեր հանցագործություններից, կոռուպցիայից և անօրինական հարստացումից շեղելու համար»,-ասել է նա` նշելով, որ պետք է ամրապնդել ԼՂՀ զինպատրաստվածությունը, որպեսզի «արժանի հակահարված հասցնի հակառակորդին”:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս