Բաժիններ՝

«Արագաչափերն ու տեսախցիկներն Ալեքսանդր Սարգսյանինը չեն, պետական են»․ «Իմ քայլի» պատգամավոր

«Կարմիր գծերը Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հետ կապ չունեն։ ՃՈ-ի տիրույթում են արագաչափերն ու տեսախցիկները։ Երևի Դուք նկատի ունեք այն հանգամանքը, որ դրանց կիրառման անհրաժեշտության մասին պետք է քննարկում լինի, գնահատական տրվի, և հիմա ուզում եք ասել, որ մինչ այժմ չեն հանել…։

Այո, քաղաքական իշխանության գալով՝ առաջին հարցերից մեկը դա է եղել, և խիստ հանձնարարական էր տրվել վարչապետի կողմից՝ ուսումնասիրել, սակայն խնդիրը դնել իր հանրահայտ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»` սկզբունքով։ 13 միլիարդ գումարի չափով համաներվեցին տուգանքները, սակայն հետագայում արդյունքի հասնելու համար պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել»,- 24news.am-ի հետ զրույցում այսօր հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, ներկայումս՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Խոսքը տուգանային համակարգի միավորների կիրառման մասին է, որի նախագիծն արդեն իսկ դրված է հանրային քննարկման և շուտով կհայտնվի ԱԺ-ում։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչո՞ւ են արագաչափերն ու տեսախցիկները դեռ գործում, Ա. Խաչատրյանն ասաց, որ բազմաթիվ դիմումներ են ստացել քաղաքացիներից, ինչպես նաև ի հայտ են եկել նոր հետազոտական տվյալներ դրանց անհրաժեշտության վերաբերյալ, և իրենց խնդիրն է՝ վերը նշված կարգավորումների միջոցով հասնել «Մինիմում սոցիալական բեռ, մաքսիմում երթևեկության անվտանգություն» կարգախոսին։

«Այդ տեսախցիկները, գույքը, արագաչափերը, որոնք կան, գոյություն ունեն և շահագործվում են, դրանք պետական սեփականություն են։ Դրանք չեն կարող մասնավոր սեփականություն լինել, որևէ մասնավոր չի կարող միջամտություն անել»,-ասաց Ա. Խաչատրյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե մինչ այժմ շատ է խոսվում այն մասին, թե արագաչափերի ու տեսախցիկների բիզնեսի սեփականատերը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս