70 ավտոբուս պլանավորում ենք մտցնել շահագործման. Հայկ Մարության
«Երեկ առավոտյան ավտոբուսների վարորդները գործադուլ չեն իրականացրել։ Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարց էր։
Քաղաքապետարանն իր ՓԲԸ-ներով մեծ ընտանիք է, և ընտանիքում լինում են տարաբնույթ խոսակցություններ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով երեկ առավոտյան Երևանում երթևեկության կաթվածահար լինելու պատճառներին։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենը վաղուց էր աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։
«Նա արդեն հեռացման դիմումը գրել էր, և մենք այնուամենայնիվ պետք է խնդրին գլոբալ լուծում տանք։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որոնք չեն շահագործվում: Մենք պլանավորում ենք մտցնել շահագործման՝ ի նպաստ մեր բնակիչների»,- հավելեց նա:
Քաղաքապետը նշեց, որ 70 ավտոբուսի մտնելու արդյունքում ցանցը փոփոխվելու է:
«Այն գծերը, որտեղ տրանսպորտն ավելի սակավաթիվ է, կշատացնենք»,- նշեց Հայկ Մարությանը:
Հարցին՝ ինչո՞ւ այդ 70 ավտոբուսները նախկինում չեն շահագործվել, քաղաքապետը պատասխանեց, որ չգիտի:
Հիշեցնենք, որ փետրվարի 14–ի առավոտյան Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ Ընկերության տնօրենի ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ բանակցելուց հետո միայն ավտոբուսների վարորդները դուրս եկան երթուղի։
Անի Կարապետյան