«Ազնիվ չէ ամբողջ պատասխանատվության բեռը դնել հասարակության վրա». Տնտեսագետը՝ վարչապետի ելույթի մասին

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի համար սպասելի էր, որ Ազգային ժողովը Կառավարության ծրագիրն առանց որևէ փոփոխության ենթարկելու ընդունելու էր, քանի որ այն ներկայացրած քաղաքական ուժը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն։

«Այս հանգամանքն օգտագործելով՝ բանակցությունների կամ ընդդիմության կողմից առաջ քաշած թեզերի, այդ թվում՝ մասնագիտական հանրության կողմից արված առաջարկներին առանձնապես ուշադրություն չդարձրեցին։ Ընդհանուր առմամբ Կառավարության ծրագիրն արդիական, բարի, նպատակներով լի ծրագիր է, եթե Կառավարությունը կարողանա այն իրականություն դարձնել, անշուշտ, լավ է։ Պարզապես մենք ակնկալում էինք բազմաթիվ հարցերի պատասխան ծրագրում տեսնել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ անհասկանալի են անընդհատ կրկնվող տնտեսական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ արվող արտահայտությունները և այն, թե ինչ են հասկանում «տնտեսական հեղափոխություն» ասելով, քանի որ համաշխարհային տնտեսագիտական միտքը նման հասկացություն չի ճանաչում։

«Օրինակ, եթե խոսքը թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու մասին է, ապա Կառավարության ծրագրում հակառակն է, ընդամենը 5 տոկոս տնտեսական աճի թիրախ է նշված։ Սա այն եզակի թվերից է, որը կա ծրագրում։ Ես այստեղ ուզում եմ ընդգծել իշխանության առաջ քաշած այն թեզը, որ տնտեսական հեղափոխության գաղափարը պայմանավորում են բացառապես քաղաքացիների վարքագծով, ու պետք է քաղաքացիներն իրենց վարքագիծը փոխեն, որպեսզի տնտեսական հեղափոխություն լինի։

Կարծում եմ՝ ազնիվ չէ ամբողջ պատասխանատվության բեռը դնել հասարակության վրա, քանի որ այդ նույն հասարակությունն ընտրությունների միջոցով այս լիազորություններն ինչ-որ կերպ պատվիրակել է ԱԺ-ում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժին։ Փաստորեն ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունը դնում են հասարակության ուսերին։ Բնականաբար, որևէ մեկը չի ժխտում, որ հասարակությունն անելիքներ ունի, բայց բացառապես քաղաքացու վարքագծի դրսևորմամբ պայմանավորել տնտեսական հեղափոխությունը՝ ճիշտ չէ»,- ասաց Կառլեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԲՀԿ-ի կողմից հնչեցրած կարծիքներին՝ կապված Կառավարության ծրագրի հետ, տնտեսագետը նկատեց, որ մանրամասնորեն նրանց դիտարկումներին չի հետևել, սակայն նրանց առաջ քաշած թեզերում, բնական է, որ կան քաղաքական որոշակի ենթատեքստեր, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարող չբարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք կան Կառավարության ծրագրում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս