«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ այդպես էլ հեղափոխական գործչից պետական պաշտոնյա, պետական այր չի դարձել»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովում իմ ելույթի և վարչապետի արձագանքի մասին․․․
Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը մի շարք մտահոգիչ շերտեր էր պարունակում։ Նախ՝ դա ելույթ էր ոչ թե կառավարության ծրագրի, այլ դրա ընդդիմախոսների մասին։ Բայց ընդդիմախոսների մասին լինելով՝ ելույթ էր ոչ թե ընդդիմախոսների քննադատության, փաստարկների, հիմնավորումների, այլ ընդդիմախոսների անձերի մասին։ Իր ելույթը վարչապետը սկսեց նախորդ օրերին մուննաթի տպավորություն թողած արտահայտությունների համար ներողություն խնդրելով, սակայն շարունակեց ամբողջությամբ մուննաթով։
Այդպես հեշտ է։
Մուննաթը՝ որպես հռետորական ժանր, հնարավորություն է տալիս խույս տալ փաստերից, կոնկրետությունից և ելույթը կառուցել զգայականության վրա։ Այդպես էլ վարվել էր Նիկոլ Փաշինյանը։ Ու պատահական չէ, որ նրա ողջ ելույթը հագեցած էր այն նույն կաղապարներով, որոնցով նա հեղափոխության օրերին կառավարում էր ոգևորված ամբոխին՝ ախպեր, ախպոր ախպեր, Սաշիկի 50 տոկոսանոց փայ… Անցյալի մնացուկներ լինելով՝ այս կաղապարները, փաստորեն, դեռևս չեն կորցրել իրենց ակտուալությունը։
Առնվազն Նիկոլ Փաշինյանի համար։
Ողջ խնդիրն այն է, սակայն, որ նա ելույթ էր ունենում ոչ թե որևէ հրապարակում՝ ուսապարկը ուսին գցած, այլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնից։ Եվ նա խոսում էր ոչ թե էյֆորիկ տրամադրություններով լցված քաղաքացիների, այլ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի անդամների առաջ։ Բայց խոսքի միջոցով հավաքվածներին կառավարել փորձելը թերևս Նիկոլ Փաշինյանի համար սովորության է վերածվել։ ԱԺ բարձր ամբիոնի հանդեպ ոչ համարժեք վարքագիծ ու վիրավորական տոն ցուցաբերելով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ այդպես էլ հեղափոխական գործչից պետական պաշտոնյա, պետական այր չի դարձել։
Ընդդիմախոսությունը քաղաքական համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկն է։
Որևէ իշխանություն կարող է արդյունավետ գործել միայն ու բացառապես որակյալ ընդդիմախոսության առկայության պայմաններում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա անհանդուրժողականությամբ ապացուցեց, որ հրաժարվում է քաղաքական համակարգի այդ կարևորագույն ինստիտուտից, ասել է թե՝ հրաժարվում է արդյունավետ գործող իշխանություն լինելու սահմանադրական ու հանրային պահանջից։
Իշխանության հարմարավետության ֆենոմենի մասին կան բազմաթիվ գիտական աշխատություններ ու տեսություններ, բայց բոլոր այդ տեսություններից առավել ցայտուն է գործնական օրինակը՝ ինչպես է մի քանի ամսվա իշխանության հարմարավետությունը մարդուն կտրում իր քաղաքական ակունքներից։ Այդպես է սկսվում իշխանության՝ հասարակությունից հեռանալու գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը ամեն օր նոր քայլ է անում այդ ճանապարհին։
Հ.Գ. Կառավարության ծրագրին նվիրված իմ ելույթում ես խոսել էի Ռուսաստանի հետ հարաբերությունների միակողմանի սերտացման անթույլատրելիության, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հարաբերությունների հավասարակշռման, Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության համաձայնագրի իմպլեմենտացիայի դանդաղման, հայ-իրանական, հայ-վրացական հարաբերությունների վերբեռնման անհրաժեշտության, արտաքին քաղաքական և պաշտպանական ոլորտի մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը իմ բարձրացրած հարցերից որևէ մեկին առարկայաբար չանդրադարձավ՝ սահմանափակվելով մի քանի մակերեսային, հարցերի էությանը չառնչվող ռեպլիկներով։
Շարունակությունը՝ հաջորդիվ»։
Ազգային ժողովում իմ ելույթի և վարչապետի արձագանքի մասին․․․Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ վարչապետ Նիկոլ…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Donnerstag, 14. Februar 2019