Նիկոլ Փաշինյանը բացահայտվեց
Քիչ առաջ խորհրդարանը ձայների 82 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ծրագիրը։ Ֆորմալ առումով իշխանությունը, «Իմ քայլը» դաշինքը և, վերջապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեցին իրենց հաղթանակը՝ իրենց ծրագիրը հավանության արժանացավ։ Բայց այդ հաղթանակն իրականում Նիկոլ Փաշինյանի պարտությունն էր բովանդակային իմաստով։ Որովհետև քվեարկությունից առաջ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը՝ չկարողանալով կառավարել զգացմունքները և տուրք տալով իր հեղափոխական հռետորաբանությանը, հողին հավասարեցրեց այլակարծության, դիմացինին լսելու, լսելու ու հարգելու մասին բոլոր կարծրատիպերը։ Քննադատության, այլակարծության նկատմամբ այնպիսի անհանդուրժողականություն, ինչպիսին ցուցաբերեց Նիկոլ Փաշինյանը, չի եղել, թերևս, որևէ այլ ղեկավարի պարագայում:
Նա ուղղակի հեգնանքով, մուննաթով էր խոսում կառավարության ծրագրի հասցեին հնչած քննադատությունների հեղինակների մասին՝ առանց անուններ տալու, սակայն շատ հասցեական վիրավորելով ընդդիմախոսներին։ Եվ այդպես վարվում է սիրո ու հանդուրժողականության հեղափոխության առաջնորդը։
Իրականում այսօր Ազգային ժողովում ելույթ էր ունենում ատելության ու անհանդուրժողականության համակարգի առաջնորդը, ով, փաստորեն, չի էլ թաքցնում, թե ինչ արժեքների է դավանում ինքն ու իր ղեկավարած իշխանությունը։
Անցած երեք օրերին դրանք արտահայտվեցին խորհրդարանական ելույթներում. քծնանք, պատեհապաշտություն, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն։ Ինչպես է նման որակներ ունեցող իշխանությունը պատրաստվում տնտեսական հեղափոխություն իրականացնել, տակավին անհայտ է։ Որովհետև, եթե այդ հեղափոխությունն իրականացվելու է կառավարության ծրագրով, ապա այն ի սկզբանե տապալված է։
Մյուս կողմից՝ ինչպես անցած երեք օրերին, այնպես էլ այսօր՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևակերպումներով վերահաստատեց, որ կառավարությունը խույս է տալիս տնտեսության զարգացման պատասխանատվությունից՝ այն գրեթե ամբողջությամբ բարդելով քաղաքացիների, քաղաքացիական գիտակցության վրա։
Փաշինյաննն այնքան կրկնեց գաղափարը, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենա մարդկանց գլուխներում, որ տպավորություն է ստացվում, թե գործ ունենք ոչ թե վարչապետի, այլ նյարդավիրաբույժի հետ։ Տնտեսական հեղափոխությունն էլ պետք է իրականացնեն ոչ թե պաշտոնյաները, այլ նեյրովիրաբույժները։
Որքան էլ հնչեղ էին Նիկոլ Փաշինյանի ելույթում տեղ գտած լիրիկական զեղումները, որքան էլ հեղափոխական էր նրա ձայնի տեմբրը, միևնույն է՝ դրանից կառավարության ծրագրի որակը չփոխվեց և չի փոխվելու։
ԱԺ-ն հաստատեց կառավարության այն նույն ծրագիրը, որը խորհրդարան էր բերվել փետրվարի 12-ին։ Պարզապես անցած երեք օրերն օգտակար էին իշխանության որակների հերթական բացահայտման համար։
Նիկոլ Փաշինյանը բացահայտվեց նորովի՝ ցույց տալով, թե ինչ արժեքների ու սկզբունքների վրա է հիմնված լինելու իր իշխանությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում։