ԻԻՀ երկու քաղաքացի կալանավորվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության՝1971 և 1959 թվականներին ծնված քաղաքացիներին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ:
1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու մոտից պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մոտ 70,87 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն զանգված, մոտ 5,49 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլաստմասե խողովակ։
1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 89,6 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, մոտ 0,62 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված` սպիտակ պոլիմերային ձողիկ,պլաստմասե 2 տարաներ` մոտ 121,23 և 53,21 գրամ քաշերով՝ յուրահատուկ հոտով զանգվածի պարունակությամբ։
1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1,73 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և մոտ 0,60 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
2019 թվականի փետրվարի 12-ին խուզարկություն է կատարվել 1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացուն պատկանող տարածքում, որտեղից հայտնաբերվել է 1366 գրամ սնդիկ, 33 գրամ «Ափիոն», 2 գրամ «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և 15 գրամ կանեփ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ԻԻՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: