Բաժիններ՝

Հացադուլի մեջ գտնվող ռեժիսորը հրապարակել է Լիլիթ Մակունցի հետ ունեցած հանդիպման ձայնագրությունը

«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:

Նրա փոխանցմամբ՝ ֆիլմի նախնական հայտում, որը տրվել է 2015թ. հուլիսի 21-ին և պահվում է Ազգային կինոկենտրոնի պահոցում, հստակ նշված է, որ ամբողջ բյուջեն՝ 312 միլիոն դրամ է, իսկ Ազգային կինոկենտրոնից ակնկալվող ֆինանսավորումն 88 միլիոն դրամ է:

«Դրանից հետո մեզ տրվել է երաշխավորագիր, որ այս հայտը գեղարվեստական խորհուրդն ընդունել է, Ազգային կինոկենտրոնը մասնակցում է ֆինանսավորմանը, կաջակցի 30 տոկոսի չափով: Սա՝ անգլերեն տարբերակում, իսկ հայկական տարբերակում նշված է, ոչ թե՝ 30, այլ՝ մինչև 30 տոկոս: Ահա, սա հիմք ընդունելով՝ Ազգային կինոկենտրոնը կարծում է, որ 5.7 տոկոսը դա մինչև 30 տոկոսն է: Բայց պայմանագրերին քաջ ծանոթ մարդիկ գիտեն, որ գործարար համագործակցության մեջ գոյություն ունի ողջամիտ պայման, և չի կարող մինչև 30 տոկոսը դիտարկվել 5.7 տոկոս: Մինչև 30 տոկոսն առնվազն կարող է լինել 25 տոկոսից ոչ պակաս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Գալստյանը:

Նրա փոխանցմամբ՝ կնքվել է երեք պայմանագիր:

«Երրորդ պայմանագրի ժամանակ Մշակույթի նախարարությունում ձևավորվել է ֆիլմերի ֆինանսավորման նոր հանձնաժողով, որը կասեցրել է մեր ֆիլմի հայտը: Սա աննախադեպ է: Հայաստանում երբեք արդեն սկսված ֆիլմը չի կասեցվել»,- նշեց ռեժիսորը:

Հովհաննես Գալստյանն ասուլիսի ժամանակ հրապարակեց նաև հատվածներ՝ ՀՀ մշակույթի նախարարությունում Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ձայնագրությունից: Ամբողջ ձայնագրության տևողությունը 52 րոպե է:

Ձայնագրության մի հատվածում Լիլիթ Մակունցը խոսում է երկու օր ժամկետում իրավաբանների կողմից փաստաթղթերի հավաքման ու համապատասխան եզրակացություն տալու մասին: Մակունցը խոսում է նաև Կինոկենտրոնի դիրքորոշման մասին, որը պետք է հայտնեն, ու, օրինակ, հունվարի վերջին 20 միլիոն դրամ փոխանցվի հաշվեհամարին:

«Գումարի չափն ու ժամկետը նշվում է, ես չեմ պատկերացնում, թե այլ հանձնարարական ինչպե՞ս պետք է տրվեր: Սակայն հունվարի 13-ին, առանց ինձ տեղեկացնելու՝ Ազգային կինոկենտրոնը նամակով դիմել է գերմանացի ու բուլղարացի գործընկերներին՝ խնդրելով, որ ուղարկեն իրենց ծախսերի ներքին հաշվապահական փաստաթղթերը, բանկային  փոխանցումները, ինչին գերմանական կողմն արհամարհանքով է արձագանքել, իսկ բուլղարական կողմն ասել է, որ փաստաղթերը կփոխանցեն, չնայած այն անօրինական է, գործընկերական էթիկայի կոպտագույն խախտման փաստ է»,- նշեց Հովհաննես Գալստյանը:

Ռեժիսորի հաղորդմամբ՝ Կինոկենտրոնը 2016թ.-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա. Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս