«Ես թույլ չեմ տա, որ իմ ֆիլմը տապալեն չինովնիկական բթամտության պատճառով». Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:
«Հացադուլի այս 12 օրերի ընթացքում գործադիր իշխանությունից նույնիսկ մեկ մարդ ինձ չի այցելել: Մենք կարող ենք ունենալ ցանկացած կառավարություն, բայց չենք կարող ունենալ հակամարդկային, հումանիզմի տարրական չափաբաժնից զուրկ կառավարություն: Հակառակ դեպքում հորդորով հանդես կգային կամ կայցելեին ինձ: Այս ամենը հաշվի առնելով՝ իմ պայքարը կոշտացնելու եմ, իսկ ՀՀ իշխանությանը կոչ եմ անում փրկել սեփական դեմքը, որովհետև դու չես կարող միջազգային կինոնախագծի մեջ տալ երաշխիքներ ու չկատարել դրանք: Դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության մեջ: Ձեր ենթակառույցները թող կատարեն իրենց պարտավորությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Գալստյանը:
Ռեժիսորը դիմեց նաև հասարակությանը՝ կոչ անելով սատարել ֆիլմին:
«Բանկում բացվելու է հաշվեհամար, կոչ եմ անում, խնդրում եմ, ամենափոքր չափաբաժնով աջակցեք այս ֆիլմին: Դիմում եմ նաև պաշտոնյաներին, պատգամավորներին, ձեր փետրվար ամսվա աշխատավարձը փոխանցե՛ք և աջակցե՛ք ֆիլմին: Դիմում եմ նաև բիզնես ոլորտին՝ մի՛ կասկածեք այս ֆիլմի հաջողությանը և սատարե՛ք այս ֆիլմին: Ինչի՞ համար է այս ամենն անհրաժեշտ, որովհետև հասարակական աջակցությունը միակ իրատեսական ուղին է, որը ես տեսնում եմ հացադուլը դադարեցնելու համար: Իշխանության հետ որևէ հույս չեմ կապում: Ես մարտ մասին գնալու եմ նկարահանման հրապարակ: Երբ նվազագույն գումարը` 10 մլն դրամը հավաքվի, և իշխանություններից լինեն երաշխիքներ, ես կդադարեցնեմ հացադուլը, հակառակ դեպքում չեմ բացառում, որ նոր վրաններ կավելանան: Կան մարդիկ, ովքեր կմիանան ինձ: Ես թույլ չեմ տա, որ իմ ֆիլմը տապալեն չինովնիկական բթամտության պատճառով»:
Ռեժիսորն ընթերցեց նաև «Տատիկիս վարսերը» ֆիլմի միջազգային արտադրողների կոչը Հայաստանի հանրությանը, իշխանություններին և բիզնես շրջանակներին։
Կոչում նշված է՝ Հայաստանի հանրությանը՝ սատարել մեր գործընկերոջը և աջակցել ֆիլմին,
Հայաստանի իշխանությանը՝ պարտավորեցնել կինոյի պետական կառույցին՝ կատարելու ֆիլմի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները,
Հայաստանի գործարար շրջանակներին՝ մասնակցել միջազգային շուկայում հայտնվելու շրջանակներ ունեցող և Հայաստանին պատիվ բերող ֆիլմի արտադրությանը,
Հայաստանի և միջազգային լրատվամիջոցներին՝ լուսաբանել ֆիլմի խնդիրները:
Անի Կարապետյան