Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան
Պատմագիտության մեջ նշվում է, որ Արցախյան շարժումն սկսվել է 1988 թվականից, բայց պետք է ասել, որ այն սկսել է դեռևս 1920 թվականից, երբ Արցախը պետք է բռնակցվի Ադրբեջանին:
Այս մասին «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Մերի Ավետիսյան) հետ զրույցում ասել է պատմաբան, ԱՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, արցախահայությունը հոգեբանական, գաղափարական տեսանկյունից պատրաստ էր Արցախյան շարժմանը:
Նրա խոսքով՝ շարժման հիմնական կարգախոսը եղել է «Միացում»-ը. այսինքն միանալ Մայր Հայաստանին, իսկ հետագայում, ելնելով որոշակի հանգամանքներից, շարժման մասնակիցների կողմից առաջ քաշվեց մի գաղափար, որ սկզբնական շրջանում վերակերտվի հայոց պետականությունը:
«Դա հաժողովրդական շարժում էր, որը բխում էր Արցախի ամեն մի քաղաքացու սրտից և մտքից, որն էլ ողջունվեց հասարակության բոլոր շերտերի կողմից: Հայ ժողովրդի համախմբվածության շնորհիվ մենք կարողացանք հաղթանակ արձանագրել: Կարողացանք ապացուցել, որ մենք փոքր ուժերով էլ կարող ենք հասնել հաղթանակի: Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. այն կա և այսօր: Եթե հետադարձ հայացք ձգենք դեպի անցյալ, ապա պետք է ասել որ ձեռբերումները շատ են: Դեռևս ունենալով պատերազմի վտանգ, բազում մարտահրավերներ՝ այսօր էլ այդ ամենը կարող ենք հաղթահարել միայն համաժողովրդական միասնականության շնորհիվ: Եվ դա ամենամեծ դասն է, որ մենք սերտել ենք Արցախյան շարժումից»,-մասնավորապես ասել է Վ. Բալայանը: