Իրանում ցույցեր են սկսվել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ
Իրանում հազարից ավելի քաղաքներում եւ 10 հազար բնակավայրերում անցկացվում են զանգվածային տոնական միջոցառումներ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-ամյակին: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը: Ցույցերն անցկացվում են վաղ առավոտից, մարդկանց բազմությունները փողոցներ են դուրս եկել իրանական դրոշներով եւ պաստառներով: Նրանցից շատերը բացականչում են կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Ամերիկային» կարգախոսը:
Ցուցարարները Թեհրանում զբաղեցրել են Ազադի խոշորագույն հրապարակը, որտեղ ավելի ուշ ելույթ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Իրանում ընթացող տոնակատարությանը հարյուրավոր գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ են ժամանել այլ երկրներից: Միջոցառումներին շարքային քաղաքացիների հետ միասին մասնակցում են իրանցի բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ զինվորականներ:
Իսլամական Հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարությունն սկսվել է փետրվարի 1-ին. 1979 թվականին այդ օրը այաթոլլա Խոմեյնին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը, Փարիզից Թեհրան էր ժամանել 15-ամյա վտարանդիությունից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: