«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շաքարը բարձրացել է 27-28». Փաստաբան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը փետրվարի 8-ին տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն բուժզննում անցնելու համար։
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Մ. Գրիգորյանը շարունակում է մնալ հիվանդանոցում և, ինչպես «Նաիրի» ԲԿ փոխտնօրեն Անատոլի Գնունին էր ասել, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Մանվել Գրիգորյանի վիճակն ամեն վայրկյան կարող է ծանրանալ և նրա կյանքին վտանգ սպառնալ։ Ամեն օր այցելում եմ նրան, երկու-երեք ժամ միասին ենք անցկացնում, նրա առողջական վիճակն իրականում շատ բարդ է, շաքարը բարձրացել է 27-28»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է նախորդ տարվա հունիսին:
Զվարթ Խաչատրյան