«Դժվար է ասել, թե սահմանային հանդարտությունը որքանով է լուրջ». Քաղաքագետ
«Վերջին շրջանում արցախաադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը համեմատաբար նվազեցնելով՝ Ադրբեջանը ցանկանում է փոխել իր կերպարը՝ որպես Արցախի բանակցային գործընթացի կողմ։ Ավելին, նորություն չէ, որ բանակցային գործընթացի շրջանակներում սահմանին լարվածությունը կարող է նվազել կամ մեծանալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանն իր պահվածքով ցանկանում է փոխել Արցախի հակամարտությանը մասնակցող կողմերի իմիջային տրամաբանությունը, քանի որ միշտ եղել է այնպես, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում ձեռք է բերել ոչ կառուցողական քաղաքականություն վարողի կերպար, քանի որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել խաղաղ բանակցությունների, իսկ Ադրբեջանը՝ ոչ։
«Վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն այնպիսի տպավորություն են թողնում, որ նա փոխել է իր կերպարը և ամեն կերպ փորձում է ինչ-որ տարբերակներ առաջարկել, որին Հայաստանը չտա իր համաձայնությունը։
Արցախի հարցում մեկ բան ակնհայտ է, այն, ինչին ձգտում է Ադրբեջանը, համաձայն չէ Հայաստանը, և այս համատեքստում դժվար է ասել, թե ինչ աստիճանի է լուրջ սահմանին տիրող այս հարաբերական անդորրը»,- ընդգծեց Ա. Իսկանդարյանը։
Նրա դիտարկմամբ՝ բանակցային գործընթացում Հայաստանը նախ պետք է աշխատի ներքին քաղաքական դիսկուրսի վրա, այնուհետև բանակցություններում ցուցաբերի ինչպես՝ կոշտություն, այնպես էլ՝ գտնի հարցերի լուծման տարբերակներ։
Զվարթ Խաչատրյան