Չի բացառվում, որ Մյունխենում կայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպում

«Երբ լինում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու  համաձայնություն, ապա մենք համակարգված կերպով հայտարարում ենք այդ մասին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցին և անդրադառնալով Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հավանականությանը:

Աննա Նաղդալյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ հանդիպումը կրում էր ոչ պաշտոնական բնույթ, այն եղել է  բաց օրակարգով, կրել է ճանաչողական բնույթ, անցկացվել է առանձնազրույցի ձևով: Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին խոսվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախորդ հանդիպումների ժամանակ, որոնք հանդիպման այլ մանրամասների հետ միասին՝ հայտարարություններում արձանագրվել են:

«Գիտեք` պետք է հստակ արձանագրենք, որ այս և արտաքին քաղաքական այլ հարցերի շուրջ  կա լիակատար համակարգում վարչապետի և ԱԳ նախարարի միջև,  և այստեղ հակառակ կերպ չէր կարող լինել»,- ասաց Նաղդալյանը: Խոսելով Մյունխենի անվտանգության համաժողովի կուլիսներում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հավանականության մասին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է մյունխենյան անվտանգության համաժողովին:

Ըստ նրա, որքանով իրենք են տեղյակ, իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Կարդացեք նաև

«Երբ լինում է  երկու նախարարների միջև հանդիպում անցկացնելու համաձայնություն, ապա  մենք համակարգված կերպով հայտարարում ենք այդ մասին, այսինքն` դա նշանակում է, որ այդ մասին հայտարարվում է նույն ժամին և նույն օրը: Մենք միշտ պահպանում ենք  այս սկզբունքը, և եթե լինի այս  համաձայնությունը, ապա մենք չենք լինի այս սկզբունքի խախտողը, և համաձայնեցված  կերպով հանրությունը տեղյակ կպահվի»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:

Աննա Նաղդալյանը մեկնաբանեց նաև այս օրերին Հայաստանում գտնվող ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիևի այցը Հայաստան:

Նա տեղեկացրեց, որ  վերջինիս կողմից հայտ էր ներկայացվել ՀՀ ԱԳՆ  հավատարմագրվելու և համապատասխան  լրագրողական գործունեություն ծավալելու Հայաստանում, բոլոր նախանշված ընթացակարգերն անցնելուց հետո,  վերջինիս հայտը բավարարվել է, և  նա իր լրագրողական խմբով այցելել է ՀՀ, այցը զուտ լրագրողական գործունեության ծավալելու նպատակով էր:

«Այս առումով դա մեզ համար բնական գործընթաց է: Մեր կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունը որևէ կերպ սահմանափակելու ուղղությամբ»,- ընդգծեց Նաղդալյանը:

Հարցին, թե ինչպիսին է Հայաստանի Հանրապետության արձագանքը Հունաստան-Մակեդոնիա համաձայնագրի վերաբերյալ` Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ  ուշադրությամբ հետևել են կողմերի միջև բանակցությունների զարգացումներին:

Նրա խոսքով, երկրի անվանման շուրջ Աթենքի և Սկոպիեի միջև  ընթացող բանակցությունների արդյունավետ ավարտը կարող է երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության ուղիներ բացել, ինչպես նաև վստահության մթնոլորտ ձևավորել  առավել լայն տարածաշրջանում:

 

Տեսանյութեր

Լրահոս