Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում. այն դեռևս չի մարվել
23:52
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է հատուկ կահավորմամբ հրշեջ գնացքը:
Ժամը 23:15 -ի թարմացված տեղեկություններով` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնտեսությունում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հատուկ կահավորմամբ հրշեջ գնացքը, որի միջոցով արդեն հանգցվել է հրդեհի մոտ 70 տոկոսը։ Ընթանում են առանձին օջախների վերջնական հանգցման աշխատանքներ։
22:50
ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 18:40-ի սահմաններում, երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։
«Եղեգնուտի» անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքին կից երկաթգծի Շահալի կայանի հարկից անտառում։ Հրդեհն ընդգրկել է 5-6 հեկտար տարածք։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ԱԻՆ լոռու փրկարար ծառայության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը դեպքի վայրից հայտնում է, որ հրդեհը տեղայնացված է, տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքներին հնարավոր չէ ներգրավել հրշեջ տեխնիկա, շիջումն իրականացվում է բահերով և խոնավ լաթերով։
22:22
Հունվարի 24-ին` ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15 աշխատակից, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներ և Վահագնաձոր գյուղի բնակիչներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: