Բաժիններ՝

Վենեսուելայում առնվազն 16 մարդ է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում

Վենեսուելայում հունվարի 23-ին առնվազն 16 մարդ է զոհվել հակակառավարական ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով: Այս տվյալները հրապարակել է El Pitazo ինտերնետ-պորտալը:

Նրա տվյալներով՝ անվտանգության ուժերի հետ ցուցարարների ընդհարումները մարդկային զոհերով են ուղեկցվել Ամասոնասի, Բարինասի, Բոլիվարի, Պորտուգեսի եւ Տաչիրայի նահանգներում, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաք Կարակասում: Նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի խոշոր ակցիաներ էին կազմակերպվել երկրի տարբեր տարածաշրջաններում:

«Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն հունվարի 23-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հինգշաբթի առավոտյան) իր Twitter-ում գրել է, որ այդ օրը Վենեսուելայում բերման է ենթարկվել առնվազն 109 մարդ: Իսկ հունվարի 21-ից ի վեր ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 152 մարդ:

Հունվարի 23-ին ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս