Կրասնոդարի հայերը օգնություն կհավաքեն ջրհեղեղից տուժածների համար
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղներից տուժածներին օգնելու նպատակով` Կրասնոդար քաղաքի Պաշկովի հայկական մշակութային կենտրոնն ու Սուրբ Սահակ և Մեսրոպ հայկական եկեղեցին մարդասիրական օգնության հավաքագրում են կազմակերպում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, օգնության հավաքագրումը մեկնարկում է հուլիսի 10-ից:
Ջրհեղեղի կապակցությամբ Ռուսաստանում հայտարարվել է սուգ, իսկ զոհերի թիվը, ըստ տարբեր լրատվամիջոցների, 170-200 է:
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «թեժ» գծից հայտնել էին, որ ջրհեղեղի հետևանքով զոհվել են ազգությամբ հայ Լիդիա Ստեփանի Շահբազյանը և Հովհաննես Գրիգորի Շահբազյանը: Ավելի ուշ Life News-ը հաղորդել է Դավթյանների ընտանիքի անհետ կորելու մասին: Ըստ լրատվամիջոցի` ընտանիքի հայրը` 65-ամյա Թևոս Դավթյանն անհետ կորել է 44-ամյա որդու` Զավենի և 3-ամյա թոռնիկի` Արտյոմի հետ: