Ի՞նչ է փոխվել ապրիլ-մայիսից հետո, որ քաղաքացիներն այլևս լիազորություն չունեն ճանապարհ փակելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր վերջին ուղիղ եթերում օրերս խոսեց Էջմիածնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ իրականացվող ակցիաների մասին, որի կազմակերպիչները սպառնում են փակել փողոցներն ու ճանապարհները:

Փաշինյանն այս գործընթացների ետևում նախկին որոշ կլանային ուժերի է տեսնում, որոնք, ըստ նրա, փորձում են իրավիճակն օգտագործել՝ ասելով, թե՝ «բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փագըմ»:

«Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև՝ ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետև եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաև նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել»,- ասել էր Ն. Փաշինյանը:

Թե ի՞նչ է փոխվել 2018-ի ապրիլ-մայիսից հետո, որ քաղաքացիներն այլևս լիազորություն չունեն ճանապարհ փակելու, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «168 Ժամի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել: Նա հորդորեց հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին:

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը գտնում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր կամքն արտահայտելու առումով և օրենքով չարգելված բոլոր միջոցներից կարող է օգտվել, իր խոսքն ու տեսակետները ներկայացնել հանրության ավելի մեծ շերտերին: Վ.Էնֆիաջյանն ուղիղ չպատասխանեց՝ փողոց փակելը մտնո՞ւմ է այդ չարգելված միջոցների մեջ. «Փողոց փակելը լայն հասկացողություն է: Ի վերջո, յուրաքանչյուր բողոքի ակցիա իր մեջ բովանդակություն ունի, և բնական է, այս դեպքում էլ բովանդակությունը կա, և պետք է թիրախավորել ու ավելի նպատակային գործունեություն ծավալել, որպեսզի երկրի այլ քաղաքացիների շահերն ու իրավունքները չխախտվեն»:

Հարցին, թե գուցե այդ բռնել-բաց թողնելու դեպքերն են հանրության մոտ անվստահություն առաջացնում, և դիմում են նման քայլերի, Վ.Էնֆիաջյանը պատասխանեց. «Բազմաթիվ կարծիքներ կարող են հնչել, բայց եկեք ի վերջո հասկանանք, որ որևէ քաղաքական կամ պետական այլ մարմին իշխանական դատական իշխանության փոխարեն՝ վճիռ կայացնելու լիազորություններ չունի: Մենք կարող ենք կարծիքներ հայտնել, անձնական դիրքորոշում ներկայացնել, բայց, ի վերջո, գոյություն ունի օրենսդիր, գործադիր և դատական իշխանություն: Այս խնդիրը դատական իշխանության ներքո պետք է նայել»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը Փաշինյանի խոսքն ընկալել է, որ ոչ թե քաղաքացիներն իրավունք չունեն բողոքի ակցիաներ անելու, այլ, որ, եթե այդ ակցիաներն արվում են հակամանվելական ինչ-որ կլանների կողմից, նրանք իրավունք չունեն.

«Քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ամրագրված են Սահմանադրությամբ, խաղաղ երթեր, ցույցեր անելու համապատասխան օրենքով, և հետևաբար՝ որևէ բան այս առումով չի փոխվել: Կարող է դա շահարկվել, որ, այո՛, վարչապետը քաղաքացիներին ասել է՝ դուք չունեք նման իրավունքներ, բայց ես ընկալել եմ, որ խոսքը գնում է ինչ-որ տարբեր կլանային, միջկլանային հարցեր լուծելու համար վրեժխնդիր լինելու փորձերի մասին:

Բայց չի կարող լինել իրավիճակ, որ պատկերացնենք, մարդիկ գնում են օդանավակայան, նրանց իրավունքներն ավելի ստորադասվեն, քան նրանց իրավունքները, որոնք ինչ-որ բողոքի ակցիայի շրջանակներում փակել են օդանավակայան տանող ճանապարհը: Սա ֆունդամենտալ մոտեցում է, և սա մարդու իրավունքների բնագավառի հարց է, այսինքն՝ մարդու իրավունքներն անսահմանափակ չեն, դրանք կարող են սահմանափակվել այլոց իրավունքները պաշտպանելու համար»:

Է.Մարուքյանը համաձայնեց, որ բռնել-թողնելու դեպքերը կարող են ժողովրդի անվստահության պատճառ լինել.

«Ժողովրդի մոտ կա անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ: Հիմա մենք պետք է այդ վստահությունը վերականգնելով գնանք: Այդ անվստահությունը կա, դա նորություն չի, մարդիկ ասում են՝ խաղ է, բռնում են, բաց են թողնում, բայց ի վերջո մենք պետք է իշխանությունների տարանջատման սկզբունքը պահենք, պետք է ունենանք դատական իշխանություն, ոչ թե համակարգ, այդ իշխանությունը պետք է գործի: Եվ եթե ամեն մեկն ինչ-որ բան է ասում, պետք է իմանա, որ վաղը-մյուս օրն ինքը կարող է ինչ-որ գործով մեղադրյալ լինել և ինքն էլ ունենալ փաստաբան և հույս, որ դատարանը կպաշտպանի իր դատավարական իրավունքները: Սև ու սպիտակ չի»:

Տեսանյութեր

Լրահոս