«Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանը հատուկ են քանդում». Տիգրան Հեքեքյան
Օրեր առաջ փլուզվել էր Արամի 23 հասեցում գտնվող պատմական հուշարձանի պատը։ Նույն այս շենքում նախկինում տեղակայված էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումը, որի ղեկավար Տիգրան Հեքեքյանն ամիսներ առաջ շենքի փլուզման հնարավոր վտանգներից խուսափելու համար երգչախումբը դուրս էր բերել շենքից և պարապմունքները ստիպված անցկացնում էր այլ վայրում։
Սակայն, ինչպես վերջերս 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Տ. Հեքեքյանը, նախորդ տարվա հոկտեմբեր ամսից երգչախումը դադարեցրել է պարապմունքները, քանի որ դրանց համար անհրաժեշտ պայմաններ չկան։
Հուշարձանների պահպանության և օգտագործման գործակալության պետ Արմեն Աբրոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանին, նշեց, որ դեռևս 2018 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թույլտվության համաձայն՝ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, հուշարձանի պատերի հարևանությամբ կատարվել էր հողային աշխատանքներ, որի հետևանքով էլ վնասվել էր երգչախմբի շենքի պատը։
«Աստիճանաբար պատի փլուզման վտանգն ավելի էր մեծանում։ Մենք արձագանքել ենք երգչախմբի ահազանգին և դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի խնդիրը կարգավորելու համար միջոցներ ձեռնարկեն։ Ասել ենք, որ այս շինարարությունը ապօրինի է և պահանջել ենք փաստաթղթեր ներկայացնել, քանի որ այդ շինարարությունն իրականացրել են առանց Մշակույթի նախարարության համաձայնության և թույլտվության։ Փաստաթուղթը վերցնելուց հետո տեսանք, որ այն իրականացվել է քաղաքաշինական նորմերի խախատմամբ»,- ասաց Ա. Աբրոյանը։
Նրա խոսքով՝ հուշարձանը ոչնչացումից փրկելու համար բազմաթիվ մասնագետների հետ
քննարկել են տարբերակներ, որի արդյունքում մշակել են նախագիծ՝ «Փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող շենքի սեփականատիրոջ՝ Տիգրան Հեքեքյանի պատվերով։
«Նախագիծն անմիջապես ներկայացվել է Մշակույթի նախարարությանը, այն քննարկվել է և տրվել դրական պատասխան, և այն ուղարկվել է Քաղաքաշինության կոմիտե և քաղաքապետարան, և խնդրել ընթացք տալ։ Սակայն ստանում ենք պատասխան, որ Մշակույթի նախարարությունը նախագծերը չի համաձայնեցնել, դրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կան»,- նշեց Արմեն Աբրոյանը։
Տիգրան Հեքեքյանի բնորոշմամբ, Արամի 23 հասեցում գտնվող հուշարձանն ամուր շենք է եղել, եթե հուշարձանի մոտ իրականացվող հողային աշխատանքը կատարեին գրագետ ձևով, ապա շենքին որևէ վնաս չէր հասցվի։
«Սա նշանակում է, որ «Հին Երևան» նախագիծը, որը պատկանում է պարոն Սերմաքեշին, միտումնավոր է փոս փորել, որ շենքը քանդվի։ Ամիսներ առաջ նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը հայտարարում էր, որ շենքը պետք է քանդվի, քանի որ այդպես է նախագծել։ Քննարկումներից մեկի ժամանակ նա ինքնավստահ և հպարտ ասում էր, որ ինքն է ճարտարապետը, և որևէ չինովնիկ չի կարող իրեն ստիպել, որ նախագիծը փոխի։ Այդ հուշարձանը հատուկ են քանդում, քանի որ խախտված է կառավարության որոշումը, այն է, որ երկու հարկ շենք պետք է լինի, իսկ նրանք կառուցում են երրորդ հարկը»,- ընդգծեց Տ. Հեքեքյանը։
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ մասնագետներ, որոնք ասել են, թե կարող են հուշարձանն անհատույց ամրակայել, սակայն շինարարություն իրականացնողը թույլ չի տվել։
«Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանին իր կողքին կանգնած մտերիմները թյուրիմացության մեջ են գցում, եթե այդպես չանեն, ապա այս հարցը շատ հեշտ կլուծվի՝ հանում են ճարտարապետ Լևոն Վարդանյանին, նշանակում են մի նորմալ մարդու, նա շարունակում է այս գործը, և հարցը լուծվում է»,- շեշտեց Տ. Հեքեքյանը։
Նշենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշը, նա կառուցում է ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց։
Զվարթ Խաչատրյան