Բաժիններ՝

«Տեսել եմ՝ դռան փականը փոխված է, հանել հինն եմ դրել». Իրականում ո՞վ է ներխուժել Խորեոգրաֆիայի պետական թատրոն

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Խնդիրն այն է, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել է թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը: Մշակույթի նախարարությունն էլ, համաձայն իր որդեգրած քաղաքականության, ում ժամկետն ավարտվում է, այլևս չեն շարունակում նրա հետ աշխատել, նշանակում են նոր ընտրություններ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն ասել էր. «Ինչ վերաբերում է Խորեոգրաֆիայի պետական թատրոնին, ապա այն բազմաթիվ խնդիրներ ունի՝ և՛ ֆինանսական և՛ ոչ ֆինանսական: Ըստ մեր քաղաքականության՝ պահելու ենք այն ՊՈԱԿ-ները, որոնք մշակույթի, արվեստի ոլորտում ինչ-որ առանձնահատկություն ունեն, հատկապես՝ թատրոնները: Կրկնվող և անհասկանալի աշխատանքային պլանով աշխատելու դեպքում օպտիմալացման խնդիր է առաջանում: Բայց քանի որ այդ թատրոնի վրա ահագին աշխատանք է տարվել, ունեցել են լավ ներկայացումներ, որոնք հիմա չեն խաղում, մտածեցինք, որ միգուցե պետք է փորձենք, տեսնենք՝ կարո՞ղ ենք շունչ տալ, թե՞ ոչ:

Սրա միակ ձևն այն է, որ պայմանագիրը չենք շարունակում, նշանակում ենք մեկ այլ ժամանակավոր պաշտոնակատարի, որպեսզի նա կարճ ժամանակահատվածում կարողանա մեզ ցույց տալ՝ թատրոնի հետ մի բան կարելի՞ է անել, թե՞ լուծարվելու է: Ես ցանկանում եմ փրկել թատրոնը, որի հիմնական ուղղվածությունը լինելու է մանկական ներկայացումները»:

2019թ. հունվարի 9-ին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանի հետ գնացել է թատրոն՝ նրան աշխատակիցների հետ ծանոթացնելու, սակայն դռները փակ են եղել։ Կանչել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների՝ դուռը բացելու համար։

168.am-ի հետ զրույցում Գայանե Կարապետյանն ասաց, որ հունվարի 12-ին իր բանալիով հանգիստ դուռը բացել ու մտել է թատրոն:

«Տեսել եմ՝ մյուս դռան փականը փոխված է, հանել հինն եմ դրել: Դա պահեստային մասում է, ուր իմ հագուստներն ու իրերն են, և անկախ նրանից՝ տնօրեն եմ, թե ոչ, ամբողջ գույքի պատասխանատուն ես եմ: Քանի որ տարածք չի եղել, առանձին պահեստ չի եղել, որևէ մեկն այդ գույքի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Այսօր եկավ Լիլիթը, փորձեց բացել դուռը, տեսավ չի բացվում՝ գնաց: Մեկ էլ ոստիկանությունն ու Նազենի Ղարիբյանը եկան: Ոստիկանն ասաց, որ ահազանգ են ստացել, որ ես ներխուժել եմ տարածք, պատասխանեցի, որ նման բան չկա: Ես, անկախ նրանից՝ տնօրեն եմ, թե ոչ, նաև աշխատող եմ, և հետո, ամբողջ գույքի պատասխանատուն ես եմ և նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ դուք եք ներխուժել: Դեռ ընդունում-հանձնում չի եղել, ինչի՞ մասին է խոսքը: Ասացի՝ գնացեք հանձնաժողով ստեղծեք, եկեք ընդունում-հանձնում անենք»,- նշեց Գայանե Կարապետյանը:

Հարցին՝ եթե մրցույթ լինի, մասնակցելո՞ւ է տնօրենի թափուր պաշտոնի համար, Գայանե Կարապետյանը պատասխանեց, որ, եթե չհայտարարվի, որ «միայն բալետի պարող պետք է լինի, կմասնակցի»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս