Իրանը չի սպասելու ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմի ստեղծմանը. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը չի սպասելու Եվրոպայի կողմից հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը եւ կշարունակի աշխատել իր ավանդական գործընկերների հետ, որոնք են՝ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը: Այդ մասին հայտնել է IRNA իրանական գործակալությունը:
Ավելի վաղ IRNA-ն հաղորդել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հանդես է եկել Եվրամիության քննադատությամբ Թեհրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծումն ուշացնելու համար:
«Ակներեւ է, որ եվրոպացիները ջանում էին, բայց, ցավոք, չկարողացան առաջ շարժվել, ինչպես մենք էինք ակնկալում: Մենք Եվրոպայի հետ կապի մեջ ենք, բայց չենք սպասում Եվրոպային… Առայժմ մենք շարունակում ենք եվրոպացիների հետ աշխատել հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծման համար, բայց մենք նրանց չենք սպասում, մենք աշխատում ենք մեր ավանդական գործընկերների հետ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը»,-գործակալությունը մեջբերում է Զարիֆի խոսքը:
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը ՄԱԿ-ի շրջանակներում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների կատարման ֆինանսական մեխանիզմ կստեղծի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի կեսերին հայտարարել է, որ մեխանիզմի ստեղծման աշխատանքը շարունակվում է եւ դրականորեն առաջ է ընթանում, բայց կոնկրետ ժամկետներ չի նշել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: