Բաժիններ՝

«Վերջին երկու տարիների ընթացքում Ջավախքի Ծալկայի տարածաշրջանում եկեղեցում պսակադրություն չի եղել». Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյան

Վերջին 90 տարիների ընթացքում Ջավախքի Ծալկայի տարածաշրջանը հոգևորական չի ունեցել, ինչը բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի բնակչության հոգևոր արժեքների վրա, նրանց մի մասը սկսել է դավանել տարբեր աղանդների և դադարել է գնալ Առաքելական եկեղեցի։

Վերջին երկու տարիներին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը։

168.am-ի հետ զրույցում քահանան խոստովանեց, որ դժվար է աշխատել մի տարածաշրջանում, որտեղ տարիներ ի վեր մարդիկ չեն հաճախել եկեղեցի և հեռացել են սեփական հավատքից։

«Այստեղ կան խնդիրներ, որոնք սպասելի էին, այդ խնդիրներին բախվելու համար նախապատրաստված եմ եկել։ Չնայած նման  խնդիրներ կան ոչ միայն Ծալկայի տարածաշրջանում, այլև Հայաստանի շատ բնակավայրերում։ Մարդիկ խորհրդային տարիներին և դրանից հետո կորցրել են հոգևոր արժեքները՝ չեն ունեցել հոգևորական, որը պետք է փոխանցեր այդ արժեքները, և Աստծո կամոք պետք է փորձենք վերադառնալ մեր այն արմատներին, որոնք եկել են ի սկզբանե և արմատավորվել են այս տարածքում»,- ասաց քահանան։

Դժվարություններից մեկն այն է, որ մարդիկ չեն ցանկանում մկրտվել և պսակադրվել եկեղեցում։

Քահանայի խոսքով՝ երկու տարիների ընթացքում եկեղեցում որևէ զույգի չի պսակադրել, չնայած տարածաշրջանում բազմաթիվ երիտասարդներ են ամուսնացել, բայց առանց եկեղեցու։ Մկրտել է միայն 20 հոգու, որոնցից 10-ը դրսում ապրող հայեր են եղել։

«Օրինակ, Ծալկայի շրջանի Այազմա գյուղը, երբ քահանա չի ունեցել, ամեն տարի Քրիստոսի պայծառակերպության օրը որևէ քահանա է եկել և մարդկանց մկրտել, բայց արդեն 20-30 տարի է՝ տեղացիները մոռացել են, որ պետք է դառնան քրիստոնյա, եկեղեցիներում բոլոր ավազանները փոքր են, ինչը նշանակում է, որ պետք է մկրտվեն փոքր տարիքում։ Հուսով եմ՝ աստիճանաբար հետ կգանք այդ ամենին, դեռ գյուղերի 99 տոկոսը մկրտված չէ, էլ չեմ խոսում պսակադրությունների մասին, այստեղ միայն հարսանիքի արարողություն է։

Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ, եթե մի տեղ չկա հոգևոր հովիվ, ապա մեկ ուրիշը գալիս և այդ տեղը զբաղեցնում է, քանի որ հետխորհրդային տարիներին այստեղ չի եղել հոգևորական, մեր տեղը զավթել են աղանդավորականները։ Բայց կան մարդիկ, որոնք մնացել են հավատարիմ իրենց պապերի հավատքին և չեն դարձել աղանդավորական։ Հուսով ենք, որ նրանց կկարողանանք բերել դեպի Քրիստոս։

Մենք այս երկու տարիների ընթացքում բավականին  միջոցառումներ ենք կազմակերպել, փորձում ենք  տաղավար բոլոր տոները միասնաբար նշել, երբեմն մարդիկ  գալիս են, կամ չեն գալիս։

Խնդիրն այն է, որ այս տարածքի ժողովուրդը տոները նշում է հին տոմարով, այսինքն՝ վրացական կանոնով։ Այդ պատճառով էլ հայտնվում ենք խնդրի առաջ, հորդորում եմ վերադառնալ Մայր Աթոռի կանոններին՝ Գրիգորյան տոմարին, բայց դեռ առաջընթաց չկա, երևի ժամանակ է պետք»,- շեշտեց Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը։

Ըստ քահանայի, հոգևոր առումով հայ ազգը բավականին հետ է գնացել՝ իր համար առաջնային դարձնելով միայն կենցաղը, մոռանալով ամենակարևորի՝ հոգևոր արժեքների մասին։

«Կարծում եմ, եթե ազգովի փորձենք վերադառնալ մեր արմատներին, որն ունեցել ենք,  օրինակ՝ 12-րդ դարում, ապա բոլոր խնդիրները կլուծենք։ Ունենք վառ օրինակ Վրաստանում, ցանկացած վրացու ընտանիքում, որտեղ ծնվում է երեք զավակ, նրանցից մեկին  անպատճառ նվիրում են եկեղեցուն՝ դառնում է հոգևորական։ Իսկ մենք ունենում ենք երեք զավակ, մեկը դառնում է բժիշկ, մեկը՝ տնտեսագետ, մյուսն էլ՝ իրավաբան, այդ պատճառով մենք չունենք հոգևորական։

Խնդիրը սկսվում է մեզանից, այդ խնդիրը պետք է լուծենք մեր ընտանիքներում։ Վիրահայոց թեմն ամբողջությամբ հոգևորականների պակաս ունի, և ոչ միայն՝ վիրահայոց,  այլև՝ բոլոր թեմերը։ Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսն այս հարցին շատ լուրջ է վերաբերվում։ Ինչպես Ավետարանում է ասված՝ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։

Ոչ բոլորն են կարողանում սովորել ճեմարանում, ձեռնադրվել քահանա և ծառայել ժողովրդին։ Այդ պատճառով էլ մենք ամենուրեք ունենք քահանայի պակասի խնդիրը, այսօր ևս, ի ուրախություն մեզ, մեր թեմում ավելացել է ևս մեկ հոգևորական , որը Գանձա գյուղում է, սրա համար բոլորիս եմ շնորհավորում»,- ընդգծեց քահանա Ղևոնդյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս