Կենտրոնական բանկը ներկայացրել է հիփոթեքային վարկավորման ծրագրերում իրականացված փոփոխությունները
Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ, որոնց արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը ոչ միայն լրագրողների, ՏՏ կամ ֆինանսական ոլորտի մասնագետների, այլև շահառուների բոլոր խմբերի համար:
Կենտրոնական բանկը ներկայացրել է հիփոթեքային վարկավորման ծրագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ:
1. Առաջին փուլի փոփոխություններ
«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագիր
2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի[1] նոր պայմանները, մասնավորապես՝
- Ամուսինների գումարային տարիքի փոփոխում 65-ից 70-ի:
- Երկրորդային շուկայում փոփոխություններ
- Բնակարանի արժեքը՝ մինչև 25 մլն դրամ
- Առավելագույն տոկոսը՝ 9,5 % նախկինում 10,5%-ի փոխարեն
- Կանխավճարը՝ 30% կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն
- Սուբսիդիա՝ 2%-ային կետի չափով Երևանում, 4%-ային կետի չափով մարզերում
2. Առաջնային շուկայում փոփոխություններ
- Բնակարանի արժեքը՝ մինչև 30 մլն դրամ
- Առավելագույն տոկոսը՝ 7,5%
- Կանխավճարը՝ 20 % կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 10 %-ի չափով ապահովագրություն
- Սուբսիդիա՝ չկա (դրա փոխարեն կլինի անուղղակի սուբսիդավորում եկամտային հարկի վերադարձի տեսքով)
- Վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի
«Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրում փոփոխություններ
Միաժամանակ, 2018 թվականի ընթացքում բարելավումներ են կատարվել նաև «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրերում:
Մասնավորապես, իրականացված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետներին և չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում հետևյալ պայմաններով՝
- Կանխավճար՝ 7,5%
- Վարկի ժամկետը՝ 35 տարի
- Էներգաարդյունավետ շենքերում հիփոթեքային վարկերի դեպքում՝ 0,5%-ով ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի ձեռքբերում (միջին տոկոսադրույքը ներկայումս կազմում է 10,6%)
3. Երկրորդ փուլի փոփոխություններ
2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից շրջանառվել է Կառավարության՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը կարգավորող որոշման փոփոխությունների նախագիծը, համաձայն որի.
- Հանվում է ամուսիններից մեկի տարիքային սահմանափակումը, իսկ երիտասարդների գումարային տարիքը մնում է 70 տարեկան:
- որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավոր է դարձել վարկառուների համար կանխավճարի չափը իջեցնել մինչև 7,5% (այն դեպքում, երբ առկա է երկրորդ գույքի գրավ կամ ձեռք է բերվել կանխավճարի ապահովագրություն)։
Վերոնշյալ որոշման նախագիծը 07.12.2018-27.12.2018-ը ընկած ժամանակահատվածում տեղադրված է լինելու e-drafts.am կայքում հանրության կարծիքների հավաքագրման նպատակով: Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում:
Բոլոր շահագրգիռ մարմինների և հանրության կարծիքների հավաքագրումից հետո որոշման նախագիծը կարող է քննարկվել Կառավարությունում: