Պարտավորեցնող է լինել 10 լավագույնների շարքում. Հեծանվորդ Էդգար Ստեփանյան
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանի կարծիքով մարզիկի համար պարտավորեցնող է լինել 10 լավագույնների շարքում:
«Ուրախ եմ և հպարտ, որ երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվում եմ 10 լավագույն մարզիկների շարքում: Շնորհավորում եմ 9 մարզիկներին էլ: Նաև նրանց, ովքեր չկան ցուցակում, բայց բարձր են պահել Հայաստանի մարզական պատիվը: Տարեց տարի ավելի լավ եմ հասկանում, որ պարտավորեցնող է լինել 10 լավագույնների շարքում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը:
Եվրոպայի երիտասարդների չեմպիոն խոսքով` այս կերպ նաև կխթանվի մարզաձևի` հեծանվասպորտի մասսայականությունը: Ստեփանյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց լրագրողներին և մասնագետներին, ովքեր քվեարկել են իր օգտին:
«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Թովմասյան, Ֆերդինանդ Կարապետյան, Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Գրիգոր Մխիթարյան, Էդգար Ստեփանյան:
Միայն լրագրողների և մասնագետների քվեարկության արդյունքում լավագույն տանյակում են մտել Սիմոն Մարտիրոսյանը (44), Արթուր Ալեքսանյանը (44), Ֆերդինանդ Կարապետյանը (42), Գոռ Մինասյանը (41), Մաքսիմ Մանուկյանը (40), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (39), Էդգար Ստեփանյանը (38), Արթուր Թովմասյանը (28), Արթուր Շահինյանը (23), Հենրիխ Մխիթարյանը (20):
Վարվառա Հայրապետյան