Փաշինյանի թիմը փոխել է իր վերաբերմունքը հետախուզության նախկին պետի նկատմամբ
Դեկտեմբերի 17-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական նշանակեց Արշակ Կարապետյանին: Վերջինս, այսպիսով, դարձավ Փաշինյանի 14-րդ խորհրդականը:
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։ Նա աշխատանքից հեռացվել էր Սերժ Սարգսյանի կողմից 2016թ․ ապրիլի 26-ին։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին Զինված ուժերին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։
Կարապետյանի անունը մամուլում նորից շրջանառվեց այս տարվա փետրվարին, երբ նա նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ։
Ըստ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի, Կարապետյանն ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն այս տարվա փետրվարին նշել էր, որ թափանցիկ գործընթացի բացակայության պարագայում դժվար է միանշանակ ասել, թե ինչու է Կարապետյանը հեռացվել։ Տեսակետ կա, որ Կարապետյանը և ԶՈՒ մյուս պաշտոնյաները, որոնք հեռացվել էին ապրիլյան պատերազմից հետո, կարող էին ընդամենը քավության նոխազ դարձած լինել ՀՀ նախկին իշխանությունների համար։
Համենայն դեպս, նշենք, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակում» 2016 թվականի ապրիլի 28-ին Կարապետյանի հեռացումը համարել էր «շատ կոնկրետ պատասխան» այն հարցին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին և, այդպիսով, մարդկային մեծ կորուստներ կրել։
Հակոբյանը հղում էր կատարել ռուսական «Կոմերսանտին», ըստ որի աղբյուրների, Կարապետյանը հեռացվել էր «իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի)»։
Իսկ գործող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ Փաշինյանի նախաձեռնած քայլերթի ընթացքում նկարահանված տեսանյութում Կարապետյանի նշանակումը որպես ռազմական կցորդ շատ տարօրինակ է համարում և նշում, որ ոչ մի պաշտոնյա ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության ձախողման համար դատապարտված չէ։
Հովհաննես Նազարեթյան