Տղամարդը ուղեվարձը վճարելու հարցի շուրջ վեճի է բռնվել տաքսու վարորդի հետ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված 51- ամյա տղամարդուն:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի` 1967 թվականին ծնված բնակիչը, նստելով տաքսի, պատվիրել է իրեն տեղափոխել Լենինգրադյան փողոց:
Հասնելով Լենինգրադյան փողոց՝ 51- ամյա տղամարդը ուղեվարձը վճարելու հարցի շուրջ վեճի է բռնվել տաքսու վարորդի հետ, այնուհետ մեքենայի փոխանցման տուփի բռնակի դիմացից բացահայտ հափշտակել է զգալի չափի գումար և դիմել փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: