«Ընդդիմությունը մնաց արտախորհրդարանական ուժերին, ինչը նշանակում է՝ փողոցային պայքար». Արա Պապյան
Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ առաջիկայում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պահանջներն ավելի են մեծանալու։
Ըստ նրա, եթե մինչև ընտրությունները պատրվակներ կամ պատճառ կար ասելու, որ չեն կարողանում հանցագործներին պատժել, որովհետև խորհրդարանում փոքրամասնություն են կազմում, ապա այսօր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են։
«Այնպես որ` ակնկալիքների հետ զուգահեռ, բնական է, որ կաճի դժգոհությունը։ Այստեղ շատ կարևոր է, թե արտաքին քաղաքական մարտահրավերներն ինչպես կհաղթահարի ներկա իշխանությունը, որովհետև, եթե ներքաղաքական կյանքում ժողովուրդը պատրաստ է ինչ-որ չափով սպասելու, ապա արտաքին քաղաքականը մեզանից կախված չէ՝ արտաքին խաղացողներն են հարցերը դնում։ Որքան էլ մենք ասենք, որ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը կարևոր չէ, այո, կարծում եմ, որ այդքան էլ կարևոր չէ, բայց սա առիթ է, որը քննադատության հնարավորություն է տալու։ Արցախի հարցը բավականին խիստ է դրված, և դրանից ածանցվող՝ Նախիջևանի հարցը։ Այստեղ մենք արդեն ունենում ենք երկրորդ հարցը, որը բավականին լուրջ մարտահրավեր է մեզ համար»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գործադիր և օրենսդիր իշխանությունը կոնսոլիդացրել է իր ձեռքում, հետևաբար հասարակությունը՝ նրան վստահության քվե տվողները և չտվողները, ակնկալելու են մեծ փոփոխություններ՝ արդարացված և չարդարացված։
Անդրադառնալով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հետագա անելիքներին, Արա Պապյանը նշեց, որ այն բոլորովին վերջերս է ձևավորվել, որի հետևանքով չեն հասցրել ձևավորել կառույցներ, ինչը եղել է նրանց ամենաթույլ կողմը։
«Նրանց հետ շրջել եմ, ունեն աջակիցներ, բայց կառույց ունենալու առոււմով բաց կա։ Կարծում եմ՝ առաջին հերթին կուսակցության անդամները սկսելու են ձևավորել կառույց և պետք է փորձեն ազատվել այն պիտակավորումից, ինչը հանիրավի կերպով փակցվել է նրանց վրա, կա պիտակ, բայց դրանց բովանդակությանը ծանոթ չեն։ Մարդիկ նրանց հարցեր էին տալիս, ինչից հասկանում էի, որ տեղյակ չեն նրանց անելիքների ու ծրագրերի մասին։ «Սասնա ծռերը» այն կուսակցությունն է, որի դեմ դրսի ուժերն աշխատել են։
Կարծում եմ՝ այսօր բոլոր ուժերը պետք է դադար վերցնեն և վերլուծեն, թե ինչ է կատարվել, և յուրաքանչյուրն իր համար եզրակացություն անի, թե ինչպես պետք է շարունակի»,- ընդգծեց Արա Պապյանը։
Ըստ նրա, Ամանորի նախաշեմին ժողովուրդը կշեղվի, իսկ փետրվարից սկսած քաղաքական կյանքը կսկսի ակտիվանալ։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, Արա Պապյանի կարծիքով՝ իշխանությունների համար վատ է, որ խորհրդարանում ընդդիմություն չի լինելու։
«Ընդդիմությունը մնաց արտախորհրդարանական ուժերին, ինչը նշանակում է՝ փողոցային պայքար, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին սպասվում են այն մարտահրավերները, ինչի ուղին ինքը ցույց է տվել»,- եզրափակեց Ա. Պապյանը։
Զվարթ Խաչատրյան